Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծաղրի և հանդիմանության առարկան։ Ինքնակամ վերատեսուչը ամեն օր նախատում էր Անդերսենին, նրան անվանում էր անընդունակ, ապուշ, անուղեղ կենդանի, և խեղճին մինչև այն տեղը հասցրեց, որ նա իր անտանելի վիճակի մասին գրեց իր բարերար Կոլլինին։ Գրեց թե՝ «Վերատեսլի կարծիքով՝ հույս չկա, որ ես մի բան դառնամ, ապագայում լավ բան ինձանից սպասել կարելի չէ»։ Այս նամակը շատ վրդովեց Կոլլինին, և նա բացատրություն պահանջեց վերատեսլից։

Ահա և Անդերսենի թշնամի կարծված վերատեսչի պատասխանը բառ առ բառ.

«Հանս Քրիստիան Անդերսենը մտավ լատինական դպրոցը Սլադելզեում 1822 թվին, զուրկ լինելով տարրական գիտելիքներից, նա, չնայած իր քսանամյա հասակին, ընդունվեցավ նախավերջին դասատունը։ Բնականից օժտված լինելով կենդանի երևակայությունով ու ջերմ զգացմունքով, Անդերսենը շուտով ընտելացավ ավանդած ուսմունքներին, աչքի ընկնելով իր առաջադիմությունով այն առարկաներում, որ ավելի սիրելի էին իրան, բայց ընդհանրապես առաջադիմում էր այնքան հաջող, որ շուտով նրան պատրաստական դասատնից տեղափոխեցին առաջին բարձր դասատունը, ուր այժմս է, այն զանազանությունով միայն, որ Անդերսենը ստորագրյալիս հետ ապրում ենք այժմ ոչ Սլադելզեում, այլ Հելզինգեորում։ Ուրիշների նյութական օժանդակությունով, որին արժանի է, նա անսայթաք կերպով առաջադիմում է ուսման մեջ, բերանացի և գրավոր պատասխանները միշտ դասավորված են լինում շատ գեղեցիկ, իսկ իրան գրավող առարկաների մեջ գերազանցում է ամենին։ Անդերսենը միշտ բանասեր է, իսկ վարքով շատ հեզ, խոնարհ և բարեսիրտ, կարող է օրինակ լինել ամեն մի ուսումնարանի աշակերտաց համար։ Պետք է այս էլ ասել նաև, որ եթե նա այսպես շարունակելու լինի իր ուսումը, ինչպես հիմա, մեկ տարուց հետո կարող է մտնել համալսարան։ Ունենալով երեք նշանավոր հատկություն, որ ցանկալի էր տեսնել ամեն մի աշակերտի մեջ և որ հազիվ է պատահում, որ երեքն էլ միևնույն անձի մեջ լինին, այն է՝ լավ ընդունակություն, ջանասիրություն և պատանեկական վարք, որոնք անկասկած գտնվում են Հ. Ք.