Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երգիծաբանական վեպ։ Մի քանի օրվա մեջ բոլոր գրքերը ծախվեցան և մի գրավաճառ իսկույն գնեց նրանից երկրորդ տպագրության իրավունքը և սրանով բավական շտկեց նրա ապրուստի սուղ հնարները։ Դրանից անմիջապես հետո նա գրեց ոտանավորով իր առաջին դրամատիրական աշխատությունը, մի հերոսական կատակերգություն՝ «Սերը Նիկողոսյան աշտարակի վրա»։ Դրա առաջին ներկայացումը շատ հաջող անցավ, ուսանողներն սկսեցին անվերջ ծափահարել.— հեղինակին կանչեցին «հուռա», որից Անդերսենը ուրսւխությունից գլուխը կորցնելով՝ դուրս պրծավ թատրոնից և մինչև Կոլլինի տունը մեկ շնչում փախավ, ուր ընկավ առաջին պատահած աթոռի վրա և սկսեց հեկեկալով լաց լինել: Տանը մենակ տանտիկինն էր։ Բարեսիրտ տանտիկինը Անդերսենի վրդովմունքը տեսնելով՝ կարծեց թե խեղճին ծաղրել ու սուլել են, և սկսեց մխիթարել Անդերսենին ասելով. «Այդքան մի՛ վրդովվիր, հոգիս, էլենշլեգերին և ուրիշ նշանավոր մատենագիրներին նույնպես սուլոցների են ենթարկել «Բայց ինձ սուլող չի եղել,— պատասխանեց Անդերսենը հեկեկալով, և ապա բացականչեց,— ինձ ծափահարեցին, կանչեցին «հուռա»։

«Օ՜, ինչպես բախտավոր էի ես այն ժամանակ,— գրում է Անդերսենը,— ես ամենքին էլ հավատում էի, նվիրված էի ամենքին, զգում էի այնպիսի զվարթություն, այնպիսի առույգություն, երեակայելու թարմություն... ամենալավ տների դռները ինձ համար բաց էին, և ես վերասլանում էի մեկ շրջանից դեպի մյուսը, ուրախ, զվարթ, ինքնաբավական: Եվ այսուամենայնիվ ես իմ համալսարանական ուսումս շարունակում էի մեծ ջանասիրությունով, և երկրորդ հարցաքննությանս համար ես պատրաստվում էի առանց օգնողի։ Միայն մի ծիծաղելի բան պատահեց ինձ քիմիայից հարցաքննվելիս պրոֆեսոր Էրսդետի մոտ։ Նրա բոլոր հարցմունքներին ես լավ պատասխան տվի. սրա համար նա շատ ուրախացավ, և արդեն ուզում էր թողնել ինձ, ասելով՝ լավ բավական է, կարող եք գնալ. մեկ էլ հանկարծ դարձավ ինձ ասելով. «Ես կուզենայի մի բան էլ հարցնել. ասացեք, ի՞նչ գիտեք էլեկտրա-մագնիսականության մասին»: «Ես այդ