Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այո՛, ես գիտեմ, թե ինչպես պետք է առողջացնել նորին սրբությանը։

Այս վճռական պատասխանը լսելով, շատ զարմացան բժիշկները։ Նրանք էլ էին գիտնական մարդիկ և կարծում էին, որ պապին լավացնելու համար ոչինչ հնար չկա։

— Ինչպիսի՞ հնար է քո գիտցածը, Իսահակ Ջեմ,— հարցրին նրանք։

— Նորին սրբության երակների մեջ պետք է ածել թարմ արյուն,— պատասխանեց նա վճռական և հաստատ ձայնով։ Ավելի ևս զարմացան բժիշկները. նրանք չէին կարդացած ոչ մի գրքում և ոչ լսած էին, որ այդպես բան կարելի է։ նրանք կարծում էին, որ կենդանի մարդու երակների մեջ արյուն ածելը անհնարին բան է։ նրանք սկսեցին կասկածել, թե սուտ չի՞ ասում արդյոք եբրայեցի բժիշկը և որևիցե չար միտք չունի՞ արդյոք։

— Ի՞նչ տեղից ես իմացել, որ այդ տեսակ հնար կա,— հարցրին նրան։— Մենք ամենևին լսած չենք այդպես բան։

— Ես էլ չէի լսած, մինչև ինքս չմտածեցի և փորձ չարի,— պատասխանեց Իսահակը։

— Հա՜…— բացականչեցին պապի մերձավորները։— Ուրեմն այդ քո սեփակա՞ն գյուտն է։ Բայց հավաստի՞ ես արդյոք, որ հաջողություն կունենաս։

— Ես իմ ձեռքովս եմ արյուն ածել մեկից մյուսի մեջ և իմ աչքովս տեսել,— պատասխանեց Իսահակը,— և ես չեմ կարող չհավատալ իմ ձեռքին ու աչքին։

— Եվ դու հանձն կառնե՞ս արյուն ածել նորին սրբության երակների մեջ։

«Ի՞նչ վնաս ունի,— մտածեց Իսահակը,— իմ գտածս հո ճշմարտություն է, իսկ ճշմարտությունը ամենի համար էլ ճշմարիտ է։ Պապն էլ է մարդ, թեև զուրկ է մեր ճշմարիտ կրոնից»։

Եվ այդպես մտածելուց հետո պատասխանեց.

— Ես հանձն եմ առնում թարմ արյուն ածել նորին սրբության երակների մեջ։

Այս խոսքերից վրդովվեցան պապի մերձավորները,