Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պինդ և պինդ գրկում էր երեխաներին, Ժպտում էր, համբուրում նրանց և միևնույն ժամանակ մտածում։

«Բայց այնքան կամքի ուժ կունենա՞մ արդյոք, որ պահպանեմ տված խոսքս։ Չի՞ ցնցվիլ արդյոք ձեռքս, երբ որ ես դանակով դիպչեմ երեխաներիս։ Աստված իմ, զորացուր ինձ»։

Համբուրում է նա և միամտացնում երեխաներին, իսկ նրա վրա նայում են պալատականներն ու բժիշկները չարաթույն ժպիտով և փսփսում են իրար ականջում. «Կհրաժարվի անշուշտ իր տված խոսքից»։

Իսկ Իսահակը, ատամները սղմած, ունքերը կիտած, դեմքը դալկացած, երեխաների հետ մոտենում է բժիշկներին և ասում.

— Էլ ինչի՞ եք սպասում, գնանք նորին սրբության մոտ. ես պատրաստ եմ…

Պալատականները զարմացան նրա այդ առաջարկությունից և ավելի ևս չարասրտեցան, իսկ նա, ներս գնաց պապի ննջարանը և ձեռք զարկեց իր գործին, մտածելով այսպես. «Պապը շատ թույլ է. սրան արյուն շատ է հարկավոր։ Ես փոխանակ միայն մեկ որդուցս արյուն առնելու, որ շատ կլինի, երկուսից կառնեմ քիչ-քիչ, այն ժամանկ երկուսն էլ անվնաս կմնան»։

Այսպես էլ արավ Իսահակը։ Սենյակի պատուհանները բաց արին, որ լույս լինի,ավելորդ մարդկանց հեռացրին, միայն բժիշկները մնացին, բայց նրանց էլ Իսահակը թույլ չտվավ իրան մոտենալ, վախենալով, թե մի՛գուցե նրանք, գործին անծանոթ լինելով, իրան խանգարեն։

Սաստիկ և սաստիկ բաբախեց Իսահակի սիրտը, երբ նա բժշկական սուր դանակով դիպավ իր որդու մարմնին: Տղան ցավից լաց չեղավ, միայն աչիկները բաց արավ լայն-լայն, սաստիկ սարսափ եկավ նրա վրա, և ամբողջ մարմնով գոզալով, նայում էր մեկ հոր վրա և մեկ պապին, որ մեռածի պես ձգվել էր մետաքսի բարձերի վրա։

Իսկ Իսահակը ավելի ևս դալկանում և աղոթք էր անում.

«Աստվա՜ծ իմ ամենակարող, տուր զորություն ծառայի քո…» Ահա հասավ վճռական րոպեն: Իսահակը այնպես կարծեց,