Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանից, ինչպես խելագարից։ Վերջապես նրան բռնեցին ծառաները և դուրս նետեցին փողոց. նա սկսեց փախչիլ թունդ կսկծի մղմամբ, ով գիտե, դեպի ո՞ւր…

Իսկ պապն այդ միջոցին քնած էր հանգիստ և անուշ քնով, ինչպես քնած չէր նա ահա քանի տարի էր։ Նրա մոտ կանգնել էին բժիշկները և զարմանում էին, որ Իսահակ Ջեմի բժշկությունը այնպես շահ արավ նրան, իսկ պալատականները և ազգականները շատ ուրախացան, որ իրանց տերը մահից ազատվեցավ։ Եվ երբ որ իմացան, որ Իսահակի որդիքը վախճանվեցան, նրանք շարժեցին գլուխները և ասացին.

—Գործք մարդկան, կա՜մք աստծո...

Եվ հետո ավելացրին.

—Նորին բարձր սրբության կյանքը ավելի թանկագին է, քան որևէ երկու տղայի։

Իսկ Իսահակի մասին ոչով չի էլ մտածեց. միայն հրամայեցին, որ նրա որդոց դիակները պատգարակի վրա դնեն և տանեն նրա տունը։ Իսկ այդ ժամանակ նրա տանը մտատանջվում և լաց էր լինում խեղճ Լիան, չիմանալով, թե ինչ եղան արդյոք իր մարդը և երեխայքը։ Նա իր սուգն սկսեց արդեն, երբ իր մարդուն տարան զինվորները կալանավորի պես, նրա սուգը սաստկացավ, երբ եկան երեխանցն էլ տարան։ Շատ ժամեր անցան, և նա շարունակ անհայտության և ծանր սպասողության մեջ տանջվում էր։ Ինչո՞ւ համար տարան մարդուս, ինչո՞ւ համար տարան երեխանցս, որտե՞ղ են արդյոք նրանք, և կենդանի՞ են արդյոք։

Արեգակը հասել էր արդեն իր ամենաբարձր կետին և այնտեղից սկսել էր քիչ-քիչ դեպի ցած իջնել։ Ցերեկն արդեն մոտենում էր երեկոյին, բայց ոչ ոք չէր վերադառնում։ Ծերունի Ահարոնի մահճակալի մոտ նստած, Լիայի ականջը միշտ դռան կողմն էր դարձած, թե երբ կբախեն արդյոք և իմաց կտան, թե ահա եկավ Իսահակը, ահա վերադարձան երեխայքդ։

Վերջապես դուռը բախեցին և փողոցում աղաղակներ բարձրացան։ Լիան վայր վազեց, բաց արավ դուռը, բայց հանկարծ տեսնում է էլի անծանոթ մարդիկ, պատգարակներով, իսկ պատգարակներում սև սփռոցների տակ տեսնում է