Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանչում էին գիշերելու մեկ տեղ,— գնում էր, չէին կանչում,— մնում էր բաց երկնքի տակ, մերկ գետնի վրա։

Վեց ամբողջ ամիս այսպես թափառեց Իսահակը։ Ձմեռը վրա հասավ, գետինը ձյունով ծածկվեց։ Իսահակը հասավ Ալպյան սարերին։ Ճանապարհը աննկատելի կերպով բարձրանում էր, ցուրտը սաստկանում էր։ Մի երեկո իսահակը մոտեցավ մի լեռնային գյուղի։ Նրա ձեռքերը փետացել էին ցրտից, ինքը բոլոր մարմնով դողդողում էր և հազիվ էր կարողանում քայլել։

Ճամփի վրա, մի մեծ ժայռի մոտ առանձնացած մի գյուղական աղքատիկ խրճիթ կար, որի կիսաբաց դռնից կրակի լույս էր երևում։

Իսահակը գնաց նույն խրճիթը և նստեց։ Խրճիթի մեջ կենում էր տանտերը իր ջահել կնոջ հետ։ Տանեցիք նայեցին Իսահակի վրա և նկատեցին, որ նրա խելքը վրան չէ: Բայց այստեղի սովորությամբ հյուրն աստծունն էր համարվում, այս պատճառով տանտիկինը իր տեղը՝ կրակի մոտ, հյուրին նստեցրեց, հաց տվավ նրան և տաք կերակուր, իսկ ինքը քաշվեց տան մի անկյունը, ուր զամբյուղի մեջ դրված էր նրա հիվանդ երեխան։ Երեխան սաստիկ տաքություն ուներ, նա դժվարությամբ էր շունչ առնում, այրվում էր երեսը։ Վերջը նա լաց եղավ բարձրաձայն։ Մայրը համբուրեց նրան, սկսեց օրոր երգել, օրորել, բայց անօգուտ. երեխան շարունակեց իր լացը ավելի բարձր։

Երեխայի լացը լսելով, ցնցվեց Իսահակը, վեր թռավ տեղիցը, մոտեցավ մորը և ասաց.

— Երեխադ հիվա՞նդ է։ Մայրն սկսեց լաց լինիլ։

— Հիվա՜նդ է, շա՜տ հիվանդ է,— պատասխանեց նա։ Դալկացած, նիհարած, պատռտորած շորերում, խոր կսկծի ծանր կնիքը երեսին դրոշմված — Իսահակը թվաց նրան մի գրբաց կամ կախարդ։

Իսկ Իսահակի սրտումը կարծես մի լույս ծագեց. երբ որ նա տեսավ իր առջև հիվանդին, ուշքը գլուխը եկավ։ Նա զննեց երեխային և հասկացավ նրա ցավը։