Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ նա սկսեց ողբալ, սգալ, գլխի մազերը փետել, հաոաչել խոզ, զարհուրելի ձայնով։ Բայց այդ արտասուքը, այդ հեծությունը խելագարի արտասուք և հեծություն չէին։

Ֆրանսիացիք նայում էին նրա վրա բոլորովին լուռ, ոչով չէր վստահանում բերան բանալ նրա խորին կսկծի և հուսահատության առջև։ Վերջապես Իսահակը հանդարտվեց։

― Ես համաձայն եմ գնալ Հռոմ,— ասաց նա,— ես կըծառայեմ ձեզ։

Նա ուզեց տանջանքի բաժակը խմել մինչև վերջին մրուրը, նա վճռեց տեսնել իր տունը, իր կնոջը, եթե ողջ է նա։ Մյուս օրը նա «մնաս բարով» ասաց գյուղացիներին և զորքի հետ դուրս եկավ գյուղից։ Գյուղացիք նրան ճանապարհ դրին արտասվալից աչքերով։

Ֆրանսիացոց զորքերը մտան Իտալիա և առաջ գնացին արագությամբ: Քաղաքները մեկը մյուսի հետևից նրանց առջև բաց էին անում իրանց դռները։ Իշխող կոմսերն ու իշխանները օգնության էին ուղարկում նրանց իրանց զորքերը։ Վերջապես ֆրանսիացիք մոտեցան Հռոմին։ Այդ ժամանակվա պապն էր Ալեքսանդր վեցերորդ Բորջիան։ Ինոկենտիոս ութերորդը մեռել էր երկու տարի սրանից առաջ. արյունն ածելուց հետո նա ապրել էր մոտ երեք տարի։ Ֆրանսիացոց թագավորը դեսպաններ ուղարկեց պապի մոտ առաջարկելու, որ բանա քաղաքի դռները և անձնատուր լինի առանց պատերազմի։ Պապը տեսավ, որ հնար չունի ֆրանսիացոց դեմ պատերազմելու, բաց արավ դռները։ Ֆրանսիացիք ներս մտան Հռոմ։ Ամենի առջև գնում էր թագավորն ինքը, նրա հետևից ասպետները, հետո զինվորները, զինվորների հետևից տանում էին թնդանոթները, ամենից հետո գնում էին սայլերի երկար շարքերը։

Մի սայլի վրա նստած էր Իսահակ Զեմը։ Ճանապարհին նա բժշկել էր հիվանդ և վիրավոր զինվորներին։ Երբ որ քաղաք մտան, Իսահակը գնաց ասպետ դե-Տորսիի մոտ և ասաց.

— Ազնիվ ասպետ, ես եկել եմ մնաս բարով ասելու քեզ։ Այստեղ ես ունիմ տուն և կին։ Էլ չեմ կարող զորքի հետ հեռանալ այստեղից։

— Ինչպես կամենաս,— պատասխանեց ասպետը,— չեմ