Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բոլորն էլ հաջող են լինում։ Ինչո՞վ կարող էին փոխել նրա հաստատ համոզմունքը։

— Ո՛հ, իմ զավակներս, իմ զավակնե՜րս,— ողբում էր Իսահակը,— մի՜թե ձեր մահվան համար մեղավոր է իմ հայտնագործած ճշմարտությունը։ Ե՛ս, ե՛ս ինքս եմ մեղավոր, իմ անվարժ ձեռքերս, թույլ կամքս, թույլ միտքս — մեղավորը սրանք են։

— Ո՛չ,— պատասխանում էին նրան,— անկարելի բան է՝ մի մարդու արյունը ածել մյուսի մեջ։

— Ընդհակառակն՝ կարելի է, հարյուր և հազար անգամ կարելի է։ Մեկ անգամ եղած անհաջող և անբախտ փորձը ոչինչ չի ապացուցանում։ Արդյո՜ք խելոք մարդ կասեք նըրան, ով որ իր անշնորհքության պատճառով կացնով կտրե իր ձեռքը և հետո ասե՝ անպետք բան է կացինը...

Այսպես վիճում էր Իսահակը իր բարեկամների հետ։ Միայն Լիան էր, որ չէր խոսում, այլ հիշում էր իր զավակներին և լաց լինում։ Նա չէր մեղադրում իր ամուսնուն, բայց ոչ մի բան չէր կարող ետ դարձնել նրա կորուստը։ Վիճողները հեռացան վերջապես։ Իսահակը հաստատ մնաց իր համոզմունքի մեջ, բայց ուրիշների համոզմունքը չկարաց փոխել։ Հեռանալիս ասացին նրան.

— Քո կրած ծանր վշտերը ձեռք վերցնել կտան քեզ արյունի ետ ածելուց։ Մյուս անգամ քո գյուտերիդ փորձը ազգականներիդ վրա չես կատարիլ:

Իահակի դառն օրերն անցան և վրա հասան լավերը։ Նա ձեռք զարկեց դարձյալ իր հին պարապմունքներին։ Կարդում էր գիտնական գրքեր զանազան լեզուներով ու բժշկում էր իր օգնությանը դիմող հիվանդներին։ Քիչ-քիչ կազդուրվեց նրա քայքայված հոգեկան և մարմնական առողջությունը։ Նրա խելքը բոլորովին ամրացավ։ Միայն չէր մոռանում իր զավակների մահը, այդ էր միայն, որ թունավորում էր նրա կյանքը և շատ անգամ կնոջ հետ միասին հեծեծում էր, լաց լինում և բացականչում էր հառաչելով.