Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լիան մնաց զարմացած. — «Չլինի՞ թե նորից խելագարվել է մարդս»,— մտածեց նա։

— Ուղիղ եմ ասում, Լիա՛,— շարունակեց Իսահակը,— դու նորից կտեսնես և՛ արեգակը, և՛ երկինքը, և՛ կանաչ ծառաստանները։

Նոր հասկացավ Լիան, որ մարդը կատակ չի անում. դալկացավ նա, լաց եղավ և արտասվալից աչքերով հարցրեց, թե հուսահատո՞ւմ է արդյոք ինքն իրան։ Մի՞թե իր կրած այնքան տանջանքները զգուշություն չեն տվել իրան։

— Գիտացիր, իմ թանկագինս,— պատասխանեց Իսահակը,— որ մեր կրած բոլոր տանջանքները շատ մեծ զգուշություն են տվել ինձ։ Բայց ես առաջվան պես հավատացած եմ, որ ճշմարտությունը ամեն ժամանակ և ամենքի համար կմնա ճշմարտություն և ամեն տանջանքների կդիմանա։ Ես գիտեմ, թե ինչ եմ ասում։ Վաղուց է արդեն, որ մտածում եմ, թե ինչպես պետք է նորից լուսավորել քո աչքերը։

Լիան հիմա էլ, ինչպես առաջվան ժամանակները, ջերմ սիրով սիրում էր իր ամուսնուն և հավատում էր նրան անպայման։

—Արա՛, ինչ կամենում ես,— ասաց նա,— ես ամեն բանի պատրաստ եմ, ամեն նեղության կհամբերեմ, միայն թե նորից կարողանամ տեսնել քեզ։

— Շատ լավ, հենց վաղվանից քո աչքերդ բաց կլինին։ Մյուս օրը վաղ առավոտը Իսահակը տեղավորեց Լիային բազմոցի վրա և ասաց նրան.

— Լիա՛, բոլոր ուժդ ժողովիր և համբերիր մի քանի րոպե։

Ձեռքն առավ բժշկական սուր դանակը և սկսեց փառահատությունը։

Նրա ձեռքն ամենևին չցնցվեց։ Մեծ ճարտարությամբ և արագությամբ վերցրեց նա ձախ աչքի փառը, և Լիան ոչ մի ձայն, ծպտուն չհանեց, ոչ էլ շարժվեց — և հանկարծ տեսավ իր մարդուն այդ մի աչքով։

— Իմ թանկագին,— բացականչեց նա,— ես նորից տեսնում եմ քեզ։

Լիան ձեռքերը մեկնեց, ուզեց վեր կենալ, բայց Իսահակը բռնեց նրան։