Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անցնում էին դարեր իրար հետևից և մարդը միշտ երջանիկ էր զգում իրան։ Բայց ահա մի գիշեր չարի նախանձոտ ոգին մոտեցավ մարդուն և նրա՝ սրտի մեջ ձգեց մի զարհուրելի թույն, որից հետո մարդն զգաց իրան ամեն բանից հագեցած։

Եվ այնուհետև երկրի իշխանավորի աչքում ամեն բան կորցրեց իր գրավչությունը և նա սկսեց կարոտել մի բանի, որ արարիչը նրան չէր տվել։

Ստեղծողը նկատեց այդ. նա տեսավ մարդու հալումաշ լինելը, վերցրեց լուսնի արծաթի փայլը, ամպերի թեթևությունը, ծաղիկների անուշ բույրը, վազի քնքշությունն ու ճկունությունը, ադամանդի պնդությունը, վագրի երկերեսությունը, նապաստակի վախկոտությունը, սիրամարգի պճնասիրությունը։ Եվ էլի վերցրեց արցունքը գարնան անձրևի, ժպիտը վաղորդյան արշալույսի, օշինդրի դառնությունը, մեղրի քաղցրությունը, քնքշությունը աղունակի և սոխակի դայլայլը։ Վերցրեց այդ բոլորը, միախառնեց, շաղախեց, շինեց մի արարած կնոջ պատկերով և պարգևեց մարդուն։

— Ահա իմ կյանքը,— բացականչեց մարդը, և գրկեց նորաստեղծ կնոջը, այդ հրաշալի պարգևը երկնքի։

Եվ սկսեց մարդը ապրել մի նոր կյանք, որ մինչև այն օրը նրան անհայտ էր։

Բայց հազիվ մի քանի օր անցած, նա մի տխուր բողոք ուղղեց դեպի երկինք, ասելով.

- Տեր, ինչո՞ւ տվիր ինձ այս արարածը, որ մի րոպե հանգիստ չի տալիս ինձ։ Ամեն բանից անբավական է, միշտ տրտնջում, միշտ քրթմնջում է։ Սա պահանջում է, որ ես երկնքից աստղեր վայր բերեմ, գիշերն արև է ուզում, ցերեկը՝ լուսին, ոչ մի բանի խնայել չունի, ոտնատակ է տալիս քնքուշ ծաղիկները։ Նախանձոտ է, վախկոտ և հիմարության չափ թեթևամիտ։ Վերջապես սա իր ամբարիշտ բնավորու- թյունովը իմ կարմիր օրս սևացրել է, երջանիկ կյանքս թշվառացրել։ Տեր իմ, տեր, հեռացրու սրան ինձանից, ես չեմ կարող ապրել սրա հետ։

Տերը լսեց մարդուն և բաժանեց նրան կնկանից։ Կինը հեռացավ մարդուց և այչևս չէր երևում նրա աչքին։