Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այո՛, այո՛, հենց այդ է,— բացականչեց ագահը խելքը կորցրած։

— Շա՛տ բարի. եթե քոնն է, կարող ես տանել,— ասաց ծերունին և կացինը գետափին դնելով՝ ինքն անհայտացավ:

Ագահը մոտեցավ ոսկի կացնին, կռացավ, որ վերցնի, գլխիվայր կործանվեց ջրի մեջ, և մինչև հիմա էլ այնտեղ է...

ՁՄԵՌԱՅԻՆ ՀԵՔԻԱԹ

(Ըստ Շեքսպիրի)

1

Մեզանից շատ վաղ, հին ժամանակներում երկու թագավոր են լինում, մեկի անունը Լեոնտ, իսկ մյուսինը՝ Պոլիքսեն։ Լեոնտը լինում է Սիցիլիայի թագավորը, իսկ Պոլիքսենը՝ Բոհեմիայի։

Այս երկու թագավորները հասակակից են լինում. մանկության ժամանակ միասին են ուսում առնում և սիրով բարեկամանում չնայած որ բնավորությամբ շատ էին տարբերվում միմյանցից։

Պատանի Լեոնտը շատ էր սիրում գրքեր կարդալ, և դեռ մանուկ՝ այնքան տեղեկություններ էր հավաքել այս ու այն գրքից, որ իրանից մեծերը հազիվ գիտեին։ Շատ կարդալը շատ էլ ճարտարացրել և ճոխացրել էր նրա լեզուն։ Նա սիրում էր վիճել զանազան նյութերի մասին և վիճելիս մեծ սրամտություն էր ցույց տալիս ու հաղթում էր հակառակորդներին: Ծնողները և բոլոր պալատականները երեսին գովում էին նրան և հիանալով ասում, որ նա շատ խելոք երեխա է և մեծ ապագա է խոստանում։ Այս գովասանքից նա մեծամտում էր, նրա մեջ զարգանում էր ինքնասիրությունն ու