Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սրա վրա ավելացավ և որդու հոգսը։ Խեղճ երեխան չէր իմանում, թե ինչ էր պատճառը, որ հայրն այնքան բարկացածէր մոր վրա, որ զրկել էր նրանց իրար տեսությունից։ Նա սկսել էր քաշել մոր կարոտը, քունը կտրվել էր, ախորժակը փակվել, նիհարել, դեղնել։

Թագավորը, անձնատուր եղած իր բարկությանը, սպասում էր պատգամախոսի պատասխանին, որ սկսեին տեսնել թագուհու դատը, իսկ մինչև այդ, փակվել էր իր սենյակներում և հրամայել էր, որ ոչ ոքի թույլ չտան իր մոտ ներս գնալու։

Այսպիսի մի հոգեկան վիճակի մեջ էր թագավորը, երբ տիկին Պաուլինան՝ ամեն պատիժ աչքի տակ առած՝ երեխան ձեռքին ներս մտավ նրա սենյակը։ Երեխայի տեսքը ոչ միայն չփափկացրեց հոր սիրտը, այլ ավելի ևս կարծրացրեց։ Նա Պաուլինային մասնակից համտրելով թագուհու դավաճանությանը, կոպիտ հայհոյանքներով անարգեց խեղճ տիկնոջը։ Շատ աղաչեց, պաղատեց տիկինը, ընկավ թագավորի ոտքերը, բայց բոլորն անօգուտ։ Վերջը երեխան վայր դրավ հոր ոտքերի մոտ, աղաչեցին և մյուս պալատականները, որոնք մինչև այդ լուռ հանդիսատես էին, բայց թագավորը ինքը իրան մոռացած՝ հրամայեց Անտիդոնին, որին նույնպես դավաճան էր համարում, որ վերցնե երեխան և իսկույն գցե կրակը։

Բոլոր սառած ու փետացած պալատականները՝ ամենքը միասին՝ ծունկ չոքեցին և արտասվելով աղաչեցին, որ փոխե այդ սրյունռուշտ դատավճիռը, եթե ոչ դա շատ վատ հետեվանք կունենա նույնիսկ թագավորի համար…

Թագավորը մի րոպե ուշքի եկավ, նա զգաց, որ հիրավի, ժողովրդի համբերությունը կարող է հատնել և իրեն գահից զրկել, հրամայեց Անտիգոնին, որ երեխային տանե իր թագավորությունից՝ մի ուրիշ տերություն և այնտեղ ձգե մի ամայի տեղ․ թող այնտեղ ապրեցնե դրան դիպվածը, եթե ճակատին մահ չի գրված․․․

Անտիգոնը մի բարեսիրտ մարդ էր և թագավորին հլու հպատակ։ Նա հավատացած էր, որ թագուհին անմեղ է և զուր է բանտարկված։ Շատ էլ վրդովված էր թագավորի անարդարությունից, բայց նա չուներ իր կնոջ առնական քաջությունը