Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իր զգացածն արտահայտելու համար։ Շատ էր նշանակություն տալիս իր պալատական կյանքին ու դիրքին, որից չէր ուզում զրկվել ոչ մի գնով։ Այս պատճառով նա չէր կարող չկատարեք թագավորի հրամանը ամենայն ճշտությամբ և հավատարմությամբ։

Արտասուքն աչքերին՝ Անտիգոնը հատակից վերցրեց երեխային և համբուրելով ասաց.— Ե՛կ գնանք, դժբախտ երեխա։ Թող անհայտ զորությունը սովրեցնե գազաններին և գիշատիչ թռչուններին, որ գան քո ծծմայրդ դառնան։ Չէ՞ որ ասում են՝ նույնիսկ գայլերն ու արջերը շատ անգամ խղճացել են ընկեցիկ մանուկներին և կերակրել են նրանց։ Մնա՜ք բարյավ, տեր իմ թագավոր, թող աստվածներն ուղարկեն ձեզ ավելի շատ ողորմություն, քան դուք արժանի եք ձեր այսպիսի վարմունքի համար։ Թող Անհայտը պաշտպանե քեզ իր խնամքովը, ով փոքրիկ ստեղծված, որիդ հարազատ հայրդ կորստի է դատապարտել… Այս խոսքերով ապարանքից դուրս եկավ Անտիգոնը՝ երեխան զրկած…

Հենց այդ միջոցին թաղավորն իմացավ, որ պատգամախոսի պատասխանն ստացվել է արդեն, հրամայեց, որ իսկույն հրապարակական ատյան կազմեն թագուհուն դատելու համար։

5

Ամբողջ քաղաքը, ամբողջ թագավորության մեջ ամենքն էլ իմացել էին արդեն, թե ինչ հանցանքի մեջ է մեղադրվում թագուհին, որին պիտի դատեին հրապարակով ամենքի աչքի առջև։ Ամենքն էլ գովում և փառաբանում էին թագուհուն, ոչ ոք չկար, որ հավատար, թե նա կարող էր դավաճանել թագավորին՝ իր զավակների հորը։ Նա, որ օրինակելի մայր էր, որ մայրասիրտ քնքուշ կին էր ամուսնու համար։ Ամենքն էլ գիտեին, որ նա մի զոհ է թագավորի անտեղի խանդոտության, նրա կասկածոտության, ինքնամոռացության և բռնակալության։ Սրա համար էլ ամենքն էլ անհամբեր սպասում էին դատի հետևանքին, հուսալով որ թագուհին կարդարանա անշուշտ և թագավորը կմնա սևերես։