Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/542

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծր, ասում էր, տարիքով մի քիչ մեծ կլինի թագուհուց, բայց մնացած բաներով բոլորովին նման կլինի նրան»...

Այսպիսի խոսակցություններով էր պառասլած թագավորը յուրայինների հետ, երբ մի պալատական ներս եկավ և ասաց.

—Ո՜ղջ լինի թագավորը: Մի երիտասարդ մարդ է եկել, հետը մի չլսված գեղեցկության իշխանուհի։ Ասում է, որ ինքը Պոլիքսենի որդին է, Բոհեմիայի գահաժառանգը, և թույլտվություն է խնդրում ներկայանալ ձեր մեծությանը։

Թագավորը մնաց զարմացած այս անակնկալ այցելությունից և մինչև թույլտվության հրաման կտար, Ֆլորիզելը ներս մտավ Պերիտայի հետ և իսկույն սկսեց.

—Տե՛ր թագավոր, հայրս հանձնարարել է ինձ, որ գամ Սիցիլիա և անձամբ հաղորդեմ ձեր մեծությանը այն բոլոր բարի խոսքերը, ինչ որ կարող էր ասել նա իր սիրելի եղբորը։ նա ինքը կուզենար գալ, եթե մի քանի հանգամանքներ արգելք չլինեին և եթե ճանապարհը մինչև այստեղ շատ երկար չլիներ։

—0՜, իմ բարի եղբայր,— բացականչեց Լեոնտը.— ինչքա՜ն մեծահոգի ես դու, իսկ ես ամոթապարտ քո առջև։ Եվ այս քնքուշ էակներին ինչպե՜ս ես ենթարկել նավորդության բոլոր վտանգներին։

—Սա ինձ հետ սկսեց նավորդել Լիբիայից։

—Գիտեմ, այնտեղի իշխողն է նշանավոր Սմալիուսը:

—Այո, նա աղի արցունք թափեց աղջկանից բաժանվելիս. բայց ես չէի կարող չկատարել հորս հրամանը. իսկույն ճանապարհ ընկա կնոջս հետ և եկա ձեզ այցելության։

—Ձեր հայրը շատ պատվական և ազնիվ մարդ է։ Ես մեղավոր եմ նրա առջև։ Այդ հանցանքի համար ինձ պատմեցին աստվածները շատ սաստիկ։ նրանք թողեցին ինձ անզավակ, իսկ հորդ օրհնեցին իր արժանավորության համար, պարգեվելով նրան ձեզ նման որդի՝ բոլորովին արժանի նրա պատվական հատկություններին։ Եվ ինչքան նման եք դուք նրան... Որդիս ձեզ հասակակից կլիներ. նա ձեզանից միայն մեկ ամսով էր առաջ ծնվել։ Իսկ այդ ազնիվ օրիորդը՞... օ՜... ինչքա՜ն նման է...

Արցունքն արգելեց թագավորին, որ խոսքը լրիվ ասեր.