Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/548

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Թող այդպես լինի, այդ դառնությունը այժմ ինձ համար, այս պատկերի առջև' հաճույք է,,, Ո՛չ, ինչ կուզեք ասացեք, շնչառությունը շարժում է նրա շրթունքները։ Ի՜նչ անդրիագործ կարող է տալ նրան այդ կյանքը։ Մի՛ ծիծաղեք, ես ուզում եմ համբուրել թագուհուն։ Եվ թագավորը ձգվեց դեպի արձանը, բայց Պաուլինան արգելեց նրան, ասելով.

—Կարմրադեղը դեռ չի չորացել, նրանից կարելի է թունավորվել... Ո՛չ, ո՛չ, ժամանակ է ծածկելու վարագույրը։

—Ո՛չ, ո՛չ, ես պատրաստ եմ կանգնել անշարժ, միայն մի՛ ծածկեք։

—Ես նույնպես հանգիստ կկանգնեմ,— ասաց Պերիտան,— ես չեմ կարող աչքս հեռացնել նրանից, նա շարունակ ինձ է նայում...

— Եթե այդպես է,— ասաց Պաուլինան,— ընտրեցեք երկուսից մեկը՝ կամ այս րոպեիս թողեք այս դահլիճը և կամ պատրաստվեցեք տեսնելու ավելի մեծ հրաշք։ Դուք տեսաք միայն արձանը, բայց ես կարող եմ ասել այս արձանին, որ իջնի պատվանդանից և գա ձեր ձեռքը բռնե։ Գուցե դուք կարծեք, որ ես կախարդություն եմ անում, բայց այդ սուտ կլինի... Ուրեմն հավատացեք իմ խոսքին և հանգիստ կացեք:

Այս միջոցին նշան է տալիս տիկինը, և նվագածուները, որ առաջուց պատրաստած է ունեցել վարագույրի հետևը, նվագում են մի խաղաղ և խուլ, բայց շատ սրտաշարժ եղանակ։ Իսկ ինքը՝ տիկինը դառնալով արձանին՝ առաջարկում է նրան մի առանձին արտասանությամբ ու հանդիսավորությամբ:

— Զարթնի՜ր, հասա՜վ ժամանակը... Թո՜ղ քո քարացած կեղևը... Մոտեցի՜ր... Այստեղ եղողներին պատի՜ր ակամա զարմանքո՜վ...

Եվ արձանը նվագածության ամանակով, համր քայլերով իջնում է պատվանդանից։

֊ Մի՛ վախենաք,— շարունակում է Պաուլինան,— նա ոչ մեկիդ մի վնաս չի տալ... Նրա շարժմունքները նույնքան անմեղ են, ինչքան և իմ կախարդությունը։ Թագավոր, մի՝ շրջիր երեսդ, մի' խփիր աչքերդ, տվեք նրան ձեր ձեռքը,,,