Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/549

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց թագավորին արդեն վաղուց էր գրկել թագուհին և ծածկել համբույրներով...

—Այս ինչ զարմանալի դիպվածով է ապրել թագուհին մինչև այսօր, ասում է Պոլիքսենը։

— Բավակա՜ն է, տեր թագավոր, թող իշխանուհին ծունկ չոքի մոր առջև և առնե նրա օրհնությունը: Նայեցեք, տեր թագուհի, սա ձեր գտնված դուստրն է ասում է Պաուլինան։

— Ո՜վ աստվածներ, — սկսեց նվազ ձայնով թագուհին,— թափեցեք ձեր շնորհքը, ձեր օրհնությունն ու ողորմությունը իմ աղջկա վրա... Ասա ինձ, զավակս, որտե՜ղ էիր ապրում, ինչպե՜ս ազատվեցիր մահից, ինչպե՜ս հայտնվեցիր այստեղ։ Ես իմ կյանքը պահպանեցի միայն քեզ համար, հավատալով պատգամախոսին, որ հույս էր տալիս, թե դու կենդանի ես և պիտի գտնվես մեկ օր։ Այսպես հաղորդեց ինձ Պաուլինան, որի մոտ ես էլ ապրել եմ մինչև այսօր։

Բայց մեծահոգի տիկինը ընդհատեց թագուհու խոսքը, ասելով.— Հետո՛, հետո, պատմությունը հետո՛ կանեք։ Այժմս ուրախություններս մի՛ խանգարեք հին֊հին հիշողություններով։ Գնացե՜ք, ո՜վ բախտավորներ, գնացեք ձեր տները և վայելեցեք ձեր երջանկությունը։ Իսկ ես այստեղ կմնամ իբրև վշտալից այրի և ինչպես վարուժանը կորցրած տատրակ՝ մեն֊մենակ թառած ճյուղի վրա, կողբամ իմ կորած Անտիգոնիս համար...

— Այսօր ոչ ոք իրավունք չունի ողբալու, Պաուլինա,—ասաց Լեոնտը,— այսօր ուրախության օր է, մի չլսված ու չտեսնված ուրախության։ Դու չես կարող անբաժան մնալ այս ուրախությունից։ Դու տվիր ինձ իմ կինս, որ մեռած կենդանի էր իսկ ես կենդանի մեռած, դու կյանք տվիր մեզ երկուսիս էլ։ Ես էլ քեզ մի ամուսին կտամ, որ Անտիգոնիցդ պակաս ազնիվ չլինի և դեռ նրանից էլ երիտասարդ լինի։ Մոտեցիր, իմ ազնիվ, իմ պատվական Բամիլ և ձեռքդ տուր Պաուլինային, որի բարեմասնությունները քեզ լավ հայտնի են... էլի շատ ասելիք կա, բայց ես չեմ ուզում երկարացնել։ Այժմ Պաուլինա, մեզ առաջնորդիր դեպի տաճարը, թող այս