Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարծում էին, թե նա էլ է գազան,
Եվ նա է իրանց զորավոր արքան.
Փաթաթվում էին քաջի ոտներին
Եվ կաղկանձելով աղերսում բաժին.
Նա էլ տալիս էր սնունդ բավական
Եվ հոտի վըրան կարգում պահապան։
Ինքն այնուհետև գնում էր անտառ,
Որ սնունդ գտնե իր ուժի համար։
Նա պոկոտում էր մեծ ծառեր հատ֊ հատ
Ու շինում նրանցից մի մեծ ցանկապատ.
Անտառի շուրջը պարիսպ էր դառնում.
Մեջը վայրենիք կաշկանդված մնում.
Եվ նա բռնում էր, բռնոտում այսպես,
Եղնիկ, եղջերու և այլ ինչ ասես։
Քսան, երեսուն էրե շալակած,

Գնում էր հոտը հոգնած ու քրտնած.
Առյուծն ու վագրը դեմն էին գալիս,
Քաջի ոտքն ընկնում և բարև տալիս,
Եվ խնդրում էին դյուցազն Տորքին,
Մասնակից անել համեղ ընթրիքին։

Նա չէր շատակեր Շարայի նման.


Սիրում էր կաթը և մածուն ու թան.
Եվ չէր բարկացկոտ, այլ հեզ ու խոնարհ,
Բայց Տերն ազատեր, թե որ բարկանար...

Բ



Մեկ անգամ գյուղում Տորքին զայրացրին,
«Անգե՜ղ, գե՜շ Անգե՜ղ», հետքից գոչեցին.
էլ չըհամբերեց. պոկեց մի մեծ ծառ,
Ավլեց նրանով ամբողջ գյուղն իսպառ.
Ասում եմ՝ ավլեց, չըկարծեք սրբեց,
Այլ տուն, գոմ, մարագ գետնին հավսարեց.
Փախան մարդիկը ճանճերի նման,
էլ ո՞վ կըկանգներ Տորքին հանդիման.