Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իբրև մի առյուծ նետահար եղած.
Բլրաչափ ժայռեր սարերից պոկեց,
Փախչող նավերի հետքից շըպրտեց.
Դղրդաց ծովը, բարձրացան ալիք,
Նավերը դառան շարժուն խաղալիք.
Ահա դարձյալ ժայռ, դարձյալ դղրդոց,
Շրջվում են նավերն իբրև օրորոց.
Էլի մեկ բլուր, մեծ քան զառաջին՝
Ընկնում է ուղիղ նավերի գլխին։
Գնում են կրկին ժայռերը գունդ–գունդ,
Զարկվում նավերին և տանում անդունդ:
Ողջ կորան այսպես ավազակները,
Դեպի անհատակ ծովի խորքերը.
Նրանցից միայն մեկն ազատվեցավ,
Գլուխը պատռած՝ իր երկիրն հասավ.
Եվ այնտեղ այնպես հրաշքներ պատմեց,
Որ լսողներին սարսափեցրեց։

Ահա այս անգութ բարբարոսության


Վերջ տվավ իսպառ մեր զորեղ հսկան։

Գ



Տորքի անունը շատ հռչակվեցավ.
Մինչև արքայի ականջը հասավ.
Մեծ թագավորը կանչում է Տորքին,
Որ պարգևներ տա և նայե դեմքին։
Գնում է Տորքը՝ մի ծառ ուսին դրած,
Ծառի ճղներից էրեներ կախած.
Այնտեղ կար այծյամ ու վայրի ոչխար,
Եղնիկ, եղջերու, վարազ ու կխտար...

Տորքի համբավը առաջ էր գնացել


Եվ քաղաքացոց նախապատրաստել.
Խանութ ու կրպակ ողջ կողպոտեցին,
Փողով, փողհարով դիմավորեցին.
«Եկա՜վ, հա՜ եկա՜վ, գալի՜ս է, գալի՜ս։»
Ամենքն էլ իրար իմաց են տալիս.