Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Զ



«Այս ի՜նչ հրաշք է», մեկ օր էլ արքան,
Տորքին Նայելով, ասաց ինքն իրան.
«Փիղը խելոք է, թեև ահագին,
Բայց ո՞վ կըկարծե, որ այս հսկային
Աստված տվել է և՛ խելք, և՛ հասակ,
Այլև նկարչի հրաշալի ճաշակ.
Արդյոք՝ սեր էլ կա՞ այս մարդու սրտում,
Բայց ո՞վ կըսիրե սրան աշխարհքում.
Որտե՞ղ կըգտնվի այնպիսի մի կին,
Որ ուզի դառնալ սրան ամուսին.
Բայց լավ կըլիներ, եթե հաջողեր,
Մենք կունենայինք քաջ հպատակներ»։
Այսպես մտածեց արքան ինքն իրան
Եվ կանչեց Տորքին, որ խոսեցնե նրան։
— «Տո՛րք,— ասաց արքան,— ես չեմ հավատում,
Որ սեր ունենաս քո կարծըր սրտում»։
Ժպտաց մեր հսկան ինչպես մի ծծկեր,
Երբ մորից լսեր, թե արի ծիծ կեր.
Եվ սրտի սերը իր վառ կայծերով
Փռվեց երեսին վարդի թերթերով։
—«Իսկ ես, արքա՜ քաջ,— ասաց մեր հսկան.
Ինձ որ ասեին, թե կա մի գազան,
Մի օձ, մի ծաղիկ, կամ մի անշունչ քար,
Չէի հավատալ, որ սեր չունենար.
Երկինք ու գետինք, թե ցամաք, թե ծով,
Բոլոր տիեզերք լցված է սիրով»։
— Տորք, դու խոսում ես իբրև սիրահար,
Ընտրե՜լ ես անշուշտ մեկին քեզ համար»։
— Ո՞ւմ պետք է ընտրեմ հարմար իմ սրտին,
Ես դեռ չեմ գտել ինձ համար մի կին,
Հեռու աշխարհում մեր սերնդից կան,
Բայց ես չըգիտեմ այն երկրի ճանփան.
Մեկին տեսնում եմ այնտեղ երազում,
Որպես թե մի խոր ձորում է կենում.