Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց սերը չունի ոչինչ խտրություն.
«Սերը, ասած է, աթարին կըպավ,
Ինչ արին չարին, էլ պուկ չի եկավ»։
Շատ անգամ առյուծ, արջ, օձ, բորենի,
Արծիվ ու ագռավ և այլ կենդանի —
Փեսա են դառնում սիրուն աղջըկան,
Եվ առնում տանում իրանց բնակարան,
Բայց՝ սովորաբար՝ այս դեպքի վըրա
Նրանք դառնում են շատ սիրուն տղա.
Ճշմարիտ սերը կախարդված անձին
Նորից տալիս է իր դեմքն առաջին.
Թռչուն ու սողուն, ամեհի գազանք
Նորից առնում են մարդու կերպարանք։
Գեղեցկությունը արևի նման
Լուսավորում է խավար առարկան,
Իսկ սերը քարշում շատ ճառագայթներ,
Սրտի հնոցում վառում է լապտեր.
Խփվում է աչքը, որ տեսնե հեռուն,
Սիրտն է խոսողը, լռում Է լեզուն.
Եվ այնուհետև երազներ պես–պես
Ուղեղի խորքում գալիս են հանդես.
Սիրահար սիրտը թողում է գետինք,
Սիրո թևերով թռչում է երկինք...

Բ



Ամառնամուտ է. Լոք սարն իր գագաթ
Դաշտեցոց համար շինել է դրախտ.
Որ կողմ նայում ես՝ տեսնում ես հրճվանք,
Անմեղ, երկնային սիրո փաղաքշանք.
Ծաղիկներ գույն–գույն և անուշաբույր
Տալիս են իրար քնքուշիկ համբույր.
Անթիվ աղբյուրներ, վճիտ, սառնորակ,
Իրար գրկելով՝ մտնում են ձորակ.
«Սե՜ր–սե՜ր» է կանչում հովվի սըրինգ,
Կայտռում են ուլեր, խայտում են գառինք: