Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչպես մոլորված մի թափառական.—
Այս ի՞նչ երկիր է մեր առջև ընկած,
Ի՞նչ ավաններ են դաշտ ու ձոր լցված»
— Ճշմարիտն ասած, ես լավ չըգիտեմ
Սրանց անունը, որ մեկ–մեկ թվեմ.—
Եվ հովիվն անմեղ՝ իր գավազանով
Ցույց տվավ Տորքին իրանց անունով
Մի քանի քաղաք և մեծ–մեծ ավան.
Թե՝ «այն Գաջենքն է և այն Մոշավան.
Իսկ այս քաղաքն էլ, որ երկարումեկ
Բողնոփորի մեջ ձգված է բեկ–բեկ,
Ցուրտավ քաղաքն է, հարուստ, այգևետ.
Իսկ այս էլ ահա ամրոցն է Ուփրեթ,
Որ պատկանում է մի շատ աննման
Եվ շատ գեղեցիկ մի որբ աղջըկան։
— «Այդ ի՞նչ աղջիկ է, ի՞նչ է նրա անուն».
— Նըրա անունն է «Հայկանուշ–Սիրուն».
Ինքը մի չքնաղ և չնաշխարհիկ,
Ոչ ոք ծնված չէ այնքան գեղեցիկ.
նա աննման է, չափազանց սիրուն՝
Դեռ չի լրացրել տասնևութ գարուն։
— «Միթե նա չունի՞ ծնողք, ազգական»,—
Հարցրեց հուզված սիրահար հսկան։
— Բդեշխը նրանց Գաջենք է տարել,
Մնացել են այնտեղ, էլ ետ չեն եկել։
— «Ուրեմն ո՞ղջ են նրանք Գաջենքում։
— Ոչ, նրանք ողջ են գուցե երկնքում»։
— «Ուրեմն մեռե՞լ են, էլ նրանք չկա՞ն»։
— Եվ միշտ կըմեռնին, երբ սարը չըգան։
Ինչպես է եղել, նրանք մեկ ամառ
Սարը չեն եկել, և դրա համար
Արևը նրանց ամբողջ գերդաստան
Զրկել է սարից, որ երբեք չըգան։
— «Բա ո՞վ է պահում այդ սիրուն աղջկան,
Եթե նա չունի ոչ մի ազգական».
— Ուրիշներին էլ նա ինքն է պահում,