Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամեն կարոտյալ նրան է դիմում.
Ունի նաժիշտներ, անթիվ ծառաներ,
Մի նույնքան շներ, բյուրավոր հոտեր.
Նա մի հսկա է, թեև ոչ քեղ պես,
Հասակին նայես՝ սոսի է կասես.
Եվ շատ զորեղ է. մեզանում չըկա
Նըրա չափ ուժեղ և ոչ մի հսկա։
— «Ինչո՜ւ ուրեմն մարդու չի գնում»։
— Իր անվան վայել փեսա չի գտնում.
Ասում են՝ շուտով նրա մոտ կըգա
Հեռու աշխարհից մի մարդ աժդահա.
Այսպես է երգել մի պանդուխտ գուսան,
Մեր Հայկանուշն էլ մնում է նրան։
Հուզվեցավ Տորքը, երեսը փայլեց.
Պարզամիտ հովիվն անգամ նկատեց,
Որ կույր գուսանի երգած աժդահան
Պետք է որ լինի այս պանդուխտ հսկան։
— Երանի՜ նըրան,— ասաց պատանին,—
Ով Հայկանուշին կառնե ամուսին.
Նա շատ բարի է և այնքան գըթած,
Որ մեր կանանց մեջ դեռ չի տեսնըված,
Ով լծկան չունի, լծկան է տալիս,
Շատերին լըծած գութան է տալիս,
Յուղ է, թե պանիր, նա բոլոր տարին
Միշտ բաժանում է չունեցողներին։
— «Խնդրեմ ցույց տաս ինձ,— ասաց մեծ հսկան,
Ուփրեթ գնացող կարճառոտ ճանփան»։
— Այս ճանփան ահա թե ուղիղ բռնես,
Դեռ կեսօր չեղած՝ Ուփրեթ կըհասնես։

Դ



Մոտ է կեսօրը, ժամ է ճաշելու,
Փորի պահանջը լրացնելու.
Հայկանուշն այսօր շատ լավ ճաշ ունի,
Լավ ձուկ, լավ խորված, թեև անգինի

.