Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեսա, որ հայ է, շատ ուրախացա,
Նա էլ հրճվանքով հոր պես ինձ գգվեց։
Ինձանից հարցրուց, թե ի՞նչ պատճառով
Ես ման եմ գալի սար ու ձոր ընկած,
Պատասխան տվի, թե ձեր տեսության
Կարոտը բերավ, որով եմ էրված։
«Հայրիկ,— ասացի,— ասա ինձ խնդրեմ,
Ինչպե՞ս եք այստեղ դուք կառավարվում,
Ունի՞ք կայք, կալված և հանգիստ կենցաղ,
Թե՞ միշտ եք այդպես ստոր վիճակում»։
Գլուխը շարժեց ծերունին տխուր։
«— Ցավ է ինձ ասել,— ասաց նա լալով,—
Ահա անցանեն իմ կյանքի օրեր,
Բոլորն էլ սրտիս ցավ ու վիշտ տալով։
  Տեսնո՞ւմ ես դու այդ սիրուն դաշտերը,
Որոնք գրավում են շատերի հոգին,
Չկարծես, թե դրանց մենք ենք վայելում,
Այլ մեր ոսոխներն ու մեր թշնամին։
Իսկ մենք այս փոքրիկ տեղումը սխմված
Մնացել ենք անշարժ–տխուր վիճակում.
Արհեստ, գիր, լեզու, օրենք ասած բանդ
Չգիտենք թե ինչ են նշանակում։
Թե կամիս բոլոր մեր պակասության
Եվ մեր նեղության դառն պատճառներն
Իմանալ, որդյակ, այդ դժվարին է,
Վասն զի լուռ են մեր լեզուներն»։
Լռեց ծերունին, ցողաց արտասուքն,
Տխրության ամպը աչքունքը պատեց՝
Ես էլ մնացի նրա մոտ շվարած,
Ըստ որում սրտիս մեծ ցավ պատճառեց։
Եվ համբուրելով ծերունվո աջը,
Դարձա այնտեղից դեպի մյուս գյուղեր.
Բոլոր փորձանքներն աչքիս տակն առած,
Ընկա մեծամեծ սարեր ու ձորեր։
Ինչե՞ր եմ տեսնում, ո՞վ կարե պատմել,
Հայ կանայք, բոկոտն՝ սուր–սուր քարերում