Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դու քո փոխանակ ցույց տուր հարյուրին,
Թեկուզ հազարին, տասը հազարին,
Հրամայիր ինձ` շարժեմ այս լյառը,
Ասա` պոկոտեմ ամբողջ անտառը,
Վարարած գետի ընթացքը փոխեմ,
Սարեր ու ձորեր իրար հետ խառնեմ,
Լեռներ կարող են իմ ձեռքով փլչել.
Բայց քեզ, Հայկանուշ, չեմ կարող դիպչել...
— Եթե այդպես է, ուրեմն գնա՛
Եվ բեր ինձ համար քսան աժդահա.
Կերթա Ձորոփոր, ուր քարայրներում
Քեզ պես հաղթանդամ մարդիկ են կենում,
Եթե նրանցից քսանին գերես,
Դրանով իմ անվան պատիվ կըբերես.
Եթե ոչ՝ գիտե՞ս մերոնք ինչ կասեն,
Ի՜նչ բամբասանքներ վըրաս կըբարդեն,
Կասեն փախցրել է, փախցրել է նըրան
Լեռներից փախած մի թափառական...

ԵՐԳ ԵՐՐՈՐԴ
           Ա


Գնաց մեր հսկան՝ ձեռքին մի գերան,
Որ գործ էր դնում իբրև գավազան։
Հասավ Ձորոփոր հսկաների մոտ,
Մտավ մի խրամ խոր ու քարքարոտ,
Առյուծի նման այնտեղ մռնչաց,
Նրա ահեղ ձայնից ձորը դրրմբաց.
Դուրս եկան հսկայքն իրանց բներից,
Խրամի ժայռի պատառվածներից.
Նայեցան տեսան մեր հսկա Տորքին
Ներքևում կանգնած, մի գերան ուսին.
Ձեռքով են անում։— Արի վեր մեզ մոտ,—
Ասում են հսկայքն հյուրերի կարոտ։