Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերև բարձրացավ մեր անհարթ հսկան,
Մտավ ձորեցոց քարե բնակարան,
Տան նահապետը՝ առույգ ծերունին
Պատվով ընդունեց իր պանդուխտ հյուրին.
Հատակի վրա նոր գորգ փռեցին,
Եվ վերի ծայրին նրան նստեցրին.
Տան երեխեքը՝ թե մեծ, թե փոքր,
Մոտեցան կարգով՝ ձեռքը պաչեցին.
Տաշտակը բերին ջահել հարսները,
Մաքուր լվացին հյուրի ոտքերը։
Մի րոպե չանցած, մոտ հարյուր հիսուն
Հսկաներ եկան հյուրին տեսություն.
Խոր ու լայնարձակ ժայռե մաղարան
Դարձավ հսկայից մի ժողովարան։
— «Բարո՜վ ես եկել. մեր աչքի լո՛ւյսն ես»,
Ամեն նոր մտնող ասում էր այսպես։
«Դու ով ես կամ ի՞նչ» էլ չեն հարցընում:
Այս տեսակ կանոն չըկա նրանցում.
Մինչև երեք օր հյուրին կըպատվեն,
Հետո այղ բանր նրան կըհարցնեն։
Ամբողջ երեք օր տոն կատարեցին,
Այնպե՜ս փառավոր հյուրին պատվեցին.
Մեկը բերում էր ձուկը նոր բռնած,
Մյուսը մի քանի էրե շալակած,
Մեկը վայրենի թռչուններ պես֊պես,
Մյուսը տանու հավ և մածնի երես.
Բոլոր համայնքը բերում էր սեղան,
Սեր ու արաժան, թխվածք զանազան։
Նվագում էին քնար ու սրինգ,
Պարում ու երգում տղա ու աղջիկ.
Պար էին բռնում և պառավ ու ծեր.
Այսպես սեր, հրճվանք Տորքը տեսած չէր: