Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դ



Գնաց բանակը. կեսօրին ահա
Լուր եկավ արդեն, որ բերդումն է նա.
Բերդումն ըսկսվեց սրինգ ու թմբուկ,
Եվ ամբողջ գիշեր բարձրացավ աղմուկ,
Թնդաց Ուփրեթը, դղրդաց սար, ձոր,
Եվ ձայնը հասավ մինչև Ծոբոփոր։
Ծոբոփորեցի քսան աժդահա
Լույսը չբացված՝ եկել են ահա.
Բերդի պատի տակ իրարից հեռու
Շնթռել են իբրև գազան ահարկու։
Մերոնք էլ եկան Տորքի հետ մեկտեղ
Մինչև երեսուն հսկաներ ահեղ։
Ծոբոփորեցոց Տորքը բարևեց,
Ոչ ոք բարևին չըպատասխանեց.
―«Բարև՛ ձեզ, եղբարք», կրկնում է Տորքը.
Որ տեսնի նրանց մարդկության շնորհքը.
Դարձյալ լռություն, ոչինչ ձայն, ծպտուն.
Կարծես մարդիկ չեն, այլ համր անասուն։
— «Ես ազգականն եմ այս Հայկանուշի,
Եվ այսօր սրան պիտի տամ մարդի.
Եթե դուք էլ եք փեսացուներից,
Պետք է չըփախչիք ըմբշական մարտից.
Մեկ կա հաղթե մեկէլ ուզողին,
Աղջիկը կըմնա վերջին հաղթողին.
Եթե ուզող եք, եկեք ներս գնացեք,
Աղջկա առջև մենամարտեցեք»։
Ծոբոփորեցիք իսկույն վեր թռան,
Եվ ներս խուժեցին փղերի նման։
Բոլոր հյուրերը բարձրացան վերև,
Իսկ ըմբիշները կանգնեցին ներքև.
Ամենից վերջը Տորքը վեր ելավ,
Եվ Հայկանուշին զեկուցում տվավ.—
— Բացի հյուրերից եկել են ահա
Իրանց կամքովը քսան աժդահա.