Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տղա ու աղջիկ եկան խմբովին,
Շրջապատեցին մեր Տորք Հսկային,
Իսկ փոքրիկները Տորքի գիրկն ընկան,
Նրանց փայփայեց քնքշացած հսկան.
Մի երգ երգելով ձայնով ներդաշնակ,
Կաղնու ուստերից հյուսեցին պսակ.
— Այս մեկ պսակը— ասաց ծերունին,—
Պետք է ընծայեմ Ավագ հսկային։
— Ես արժանի չեմ,— ասաց Ավագը,—
Քանի որ մեր մեջ կա Հզոր Տորքը.
Նա բարձր է կանգնած ամեն նախանձից
Այդ երևեցավ հիմիկվան խաղից.
Սա մարմնեղեն չէ, այլ ժայռից կազմված,
Կամ թե՝ ով գիտե՝ մարդ է, թե՛ աստված
Մենք պաշտել միայն կարող ենք սըրան,
Եվ ոչ թե դառնալ ախոյան մրցման: —
— Ես զարմանում եմ,— ասաց ծերունին,−
Ծոբոփորեցիք այդչափ խելք չունին։
— Ծոբոփորեցի չե՛մ, ասաց Ավագը
Մեր գյուղն է Բողնու Երկաթահանքը։
— Այդպես ասեիր,— ուրեմն հիմա՝
Ինչպես Տորքն ասաց՝ կըդառնաս փեսա,
Կընտրես քսանից որին կամենաս,
Եվ հզոր Տորքին եղբայր կըդառնաս։
— Դեռ ժամանակ չէ, երբ Տորքն ուզենա,
Ես ուրախությամբ կըդառնամ ծառա։
Հուզվեցավ Տորքը, իսկույն վեր կացավ,
Հսկայի ճակտին մի համբույր տվավ.
«Եղբայր ենք», ասաց, և գգվեց նրան,
Ինչպես գթոտ մայր իր սիրուն մանկան.
— «Իսկ դու, Հայկանուշ,— դարձավ ծերունին
Ուրախ ժրպիտով դեպի տիրուհին, —
Ի՞նչ առիթ ունիս հիմա բերելու.
Միտք չունի՞ս արդյոք մենամարտելու։
— Ես հնազանդ եմ, ինչպես որ վճռես
Կըմենամարտեմ, եթե հրամայես: