Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց Քյորօղլին ավելի լավ էր համարում Հայաստանի հովասուն լեռներում ազատ ավազակ համարվիլ,քան թե շահընշահի եռապարիսպ պալատում նույնիսկ շահ լինել, ուր մնաց, որ ինչքան էլ մեծ իշխան լիներ, դարձյալ շահի ստրուկը պիտի համարվեր։ Լինել հպատակ, թեև հազար ու մեկ շքանշանով զարդարված՝ ատելի էր բնության ազատ զավակին։

Քյորօղլին սովորություն ուներ շատ անգամ ծպտած ման գալու։ Նստում էր մի էշի կամ ջորու վրա, աշըղի հագուստով (աշըղները ջոկ հագուստ ունեին հնումը), սազը մեջքից կախած, առանց որևէ զենքի և գյուղեգյուղ թափառելով, զանազան տեղեկություններ էր հավաքում, և ըստ այնմ իր զգուշությունը գործ դնում և անելիքն անում։ Մեկ անգամ էլ հենց այսպես ժպտած ժամանակ լսում է, որ Բոլբեգը եկել է մեծ զորքով և բանակ է դրել Թոնա գետի մոտ։ եկել է ոչ իբրև զորքով պատերազմ, այլ իբրև մի ցեղապետ իր ժողովրդով ամառանոց, իր հետ բերել է և իր կանանցը։ Բոլոր հարյուրապետներն ևս բերել են իրանց գերդաստանը, որով կազմել են մի թաթարական օրդու։ Իրանց հետ ունին նաև ոչխար, տավար, ուղտեր և ամենայն ինչ։ Իհարկե այս ավելորդ բաներն այնքան շատ չէին, որ իսկույն չիմացվեր, թե սա մի խաշնարած ժողովրդի չվումն չէ մի տեղից մյուս տեղ, այլ պատերազմական նպատակ ունեցող մի բանակ է:

Քյորօղլին, առանց երկար մտածելու, իր ջորին քշում է ուղիղ դեպի այդ բանակը, որ կշռե նրա որպիսությունը։ Հենց, որ նրան տեսնում են, իբրև աշըղի, ամեն մեկն իր կողմն է քաշում և հրավիրում, բայց Քյորօղլին ոչ մեկին չի լսում, քշում է ջորին և իջնում է զորապետի վրանի առջև։ Բոլի֊բեգը շատ ուրախանում է և հրամայում է նրան ցույց շնորհքը, զվարճացնել իր խաղերով, և եթե գիտե, Քյորօղլու խաղերիցն ասե։ Այս առաջարկությունից օգուտ քաղելով՝ Քյորօղլին ասում է հետևյալ խաղը, մեղմացնելով իր ահեղ ձայնը, որ չճանաչվի.

Ո՞վ կաք այս բանակում իմ ծանոթներից,
Շուտով իմ քաջերին մի լուր հասցրրեք.
Թող հարձակվեն ամեն կողմից խմբերով՝
Ինձ էլ մեկ վահան ու մի թուր հասցըրեք.