Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետք է հասարակությանը, բայց հնարավոր չէ, որ ամենքն էլ ունենան, այդ տեսակ բաները լինեն հասարակության սեփականություն։ Եվ ինչ անբաժան բան որ ունի հասարակությունը՝ նրանց եկամուտն էլ որոշվի գործ դնել հասարակաց կրթության և առողջության վրա: Այս տեսակ բաները երբ սկսեցին ցուցակագրել, ստացան հետևյալ առարկաները և երեք ջրաղաց, որ հետո միացնելով շինեցին մի մեծը և մոտն էլ մի մեծ այգի, մի բավական մեծ անտառ, մի արոտատեղ, մի ձկնորսարան, մի շտեմարան, մի կշեռք կամ ինչպես ասում են՝ ղանթար, մի արաղի գործարան, թեև մասնավոր մարդու անունով, մի քանի խանութ և մի քանի վարձու տալու տներ և եկեղեցու տարեկան եկամուտը։ Այս ընդհանուր սեփականությունից այնքան եկամուտ գոյացավ, որ ոչ միայն մտադրված ուսումնարանն ու դեղատունը հիմնեցին օրինավոր սարք ու կարգով, այլ գյուղի տարեկան հարկն էլ վճարեցին և շինական դատարանի ծախքն էլ հոգացին։

Կրթված ուսուցչի ու բժշկի ներս գալը գյուղին մի նոր զարկ տվավ իր ընդհանուր սեփականությունը ճոխացնելու։ Գյուղը նորանոր հողեր գնեց շրջակա բեգերից, նոր առու հանեց ու ջրարբի դարձրեց շատ անջրդի տեղեր, մոտ յոթը վերստ հեռավորությունից մի սառնորակ և վարար աղբյուր բերավ գյուղամեջ, ուր մի ջրամբար շինելով՝ բաժանեց զանազան թաղերի վրա։ Այս ջրից օգուտ քաղելով, ամենքն էլ իրանց տների առջև մի−մի պարտեզ տնկեցին և գեղը վերափոխեցին մի հոտավետ բուրաստանի։ Գյուղի այս բոլոր բարեփոխությունը մի տասը տարվա մեջ կատարվեց. նախընթաց տասնյակ տարիներում նա մի ընդարմացած և անշարժ վիճակի մեջ էր։ Օտար մարդը ներս մտնելիս հիանում էր, տեսնելով մաքուր, ուղիղ և լայն փողոցներ, բոլորն էլ խիճած, ափերը սալահատակ, երկու կողմից ծառեր տնկոտված, տները շենք ու շնորհքով, փառավոր եկեղեցի, հոյակապ ուսումնարան, գեղեցիկ դեղատուն, կարգին շինական դատարան, օրինավոր շտեմարան։ Տեսնողն այն տպավորությունն էր ստանում, որ այս գյուղացիք հասարակ ասիացի ռամիկներ չեն, այլ եվրոպական քաղաքակրթության ճաշակն առած խելքը գլխին մարդիկ։ Տասը տարուց հետո քսան տարեկանների մեջ մեկը չկար, որ