Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամ տասը հոգով հազիվ երկու մարդու գործ էին կատարում, իսկ այժմ անգործ ձեռք չկա, ամենքն էլ զբաղված են։ Առաջվան ապրուստը նահապետական և բռնապետական էր, իսկ այժմ անհատական, ընկերական և համայնական: Այժմ եղբայրը եղբոր ընկերն է, միասին աշխատում են, ջոկ-ջոկ ապրում, ամեն մեկն իր ճաշակի համեմատ և ինքնագլուխ։ Այժմ մեր տների մեջ չկա այլևս պատրոնություն և սկեսրություն, չկա տագրակնկություն, որ շարունակ կռիվ էր առաջ բերում. այլևս չկա չխոսկանություն, բերանկապություն։ Մեր օրիորդաց ուսումնարանը կին սեռի բերանը բաց արավ, նրա լեզուն ճարտարացրեց, նրան շինեց իր ամուսնու մտերիմ խորհրդակից և ընկերուհին։ Նոր գինին հին տկի մեջ չէր կարող կենալ. մեր հին տկերը բոլորն էլ պատռվեցին. այժմ մենք մեր գինիքը երկաթակապ տակառների մեջ ենք պահում, իսկ տակառագործությունն էլ՝ հյուսնության հետ մեր ուսումնարանն է սովորեցնում իր արհեստական բաժնում։

Տանուտերի այս ճառը ծափահարության ահագին դղրդոց բարձրացրեց։ Հյուրերից մեկը, որ գերմանացի անասնաբույժ էր, մնացել էր հիացած և երևակայում էր, թե նույն րոպեին Ասիայի խորքերումը չի գտնվում, այլ Բեռլինի բուն կենտրոնումը։ «Ձեր հայերը ծայրահեղ ընդունակ են»,— շշնջաց նա գյուղի հայ բժշկի ականջումը։ Էլ չեմ ուզում երկարացնել՝ ինքներդ մտեք մյուս մանրամասնությունների մեջ և լրացրեք իմ պակաս թողածը։

— Հարգելի եղբայրներ և քույրեր, այստեղ ակամա պատկերանում է իմ առջև կյանքի աճելության և զարգացման ներդաշնակության օրենքը։ Այո՛, կա և ներդաշնակության օրենք։ Ամեն մի կազմակերպության մի մասից կարելի է գուշակել և մյուս մասերի որպիսությունը, իհարկե մոտավորապես, քանի որ չկա օրենք առանց բացառության, այսինքն՝ ընդհանուր կանոնից շեղմունքներ պատահում են — և ասվում են անկանոնություն։ Այս ներդաշնակության օրենքի ճիշտ պատկերը մենք տեսնում ենք ուղտի կազմակերպության մեջ։ Առած կա, թե՝ «Ուղտին ասացին, վիզդ ինչի է ծուռ, ասաց. ի՞նչս է ուղիղ, որ վիզս ուղիղ լինի»։ Ուղտի կազմակերպության բոլոր