Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասերի մեջ կատարյալ ներդաշնակություն կա, որովհետև ոչ մեկն էլ ուղիղ չէ։ Այս, իհարկե, մի տգեղ և վայրենի ներդաշնակություն է, բայց՝ ներդաշնակություն է։ Եթե մի գյուղ եք մտնում և տեսնում եք ձախ ու ծուռ և անկանոն փողոցներ, իմացած եղեք, որ դա ուղտի վիզն է միայն, և եթե հարցնեք, թե ձեր փողոցներն ինչո՞ւ են այսպես ձախ ու ծուռ, նրանք ձեզ կպատասխանեն, թե՝ «օրհնված, մեր ի՞նչն է ուղիղ, որ փողոցներս ուղիղ լինի. խեղճ մարդիկ ենք, մի կերպ յոլա ենք գնում»։ Ահա այսպիսի գյուղեր էին մյուս երկու գյուղերը, որոնք առաջին գյուղի հետ մի գծի վրա էին գտնվում։ Դրանցից մեկը մասնավոր սեփականություն ուներ, բայց ոչ ընդհանուր, իսկ մյուսը՝ ոչ մասնավոր ուներ և ոչ ընդհանուր։ Բոլոր հողերը պատկանում էին զանազան բեգերի, իսկ իրանք գյուղացիք ենթարկված էին բեգերի քմահաճույքին և մի տեսակ ստրկական վիճակի մեջ էին։ Ոչ մի բան չկար ոչ մեկում և ոչ մյուսում, որ ասեիր՝ ահա այս մեկ բանը լավ է։ Եկեղեցին գոմանման և խարխուլ, քահանան՝ տգետ, դատավորներն ու տանուտերը՝ հարբեցող և կաշառակեր, գրագիրը՝ մի սրիկա և շատ փուչ-կենդանի, վաշխառությունը՝ ծայրահեղ անխղճության հասած, որբն ու այրին խեղճն ու տնանկը, աղքատն ու թույլը հողի հետ հավասարացրած. ամենայն տեղ ծայրահեղ ստրկություն և բռնություն։ Գողությունը սովորական դարձած, ավազակությունը՝ հերոսություն համարված: Եվ ինչ նորանոր չարիքներ ասես, որ չէին հնարում մարդիկ միմյանց տուն քանդելու համար։ Խոտի ու ցորենի դեզեր կրակ տալ, այգիներ կտրատել, եզան ու գոմեշի ոտքեր սրատել, կովի ծիծ կտրել, և ինչե՛ր, ինչե՛ր ասես, որ այստեղ չէր կատարվում մինը մյուսից չար։

Առաջին գյուղի և այս գյուղերի օրինակից պարզ երևում է, որ ժողովրդի բարոյական վիճակը նրա տնտեսական վիճակից կախումն ունի, իսկ տնտեսական բարեկեցությունը՝ նրա համայնական սեփականությունից։ Մի հասարակության մեջ որքան շատ ու բազմատեսակ լինին ընդհանուրին պատկանող սեփականություններն ու հաստատությունները, նույն չափով բարձր կլինի նրա բարօրության աստիճանը և նույն չափով սակավ չարիք կգործվի նրա մեջ։ Կարճ ասել՝ համայնքի բարեկեցության և երջանկության