Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնակվելու: Իսկ եթե կատարում են իրենց մարդասիրական պարտականությունները, իբրև քաղաքացի, բայց դարձյալ հալածվում են, այդ ժամանակ մեղավոր են միայն հալածողները և ամենայն դատապարտության արժանի։

Մարդասեր լինել՝ չի նշանակիլ սիրել նաև մարդատյացներին, բռնավորներին, կեղեքիչներին, գիշատիչներին և ավազակներին։ Այդպես որ լիներ, Գլադստոնը թուրքերի մեծին չէր անվանիլ մեծ մարդասպան։ Եթե մի որևէ մարդկային ցեղ վնասակար է հանդիսանում ընդհանուր խաղաղ մարդկությանը իր գիշատիչ բնավորությունովը կամ մի այլ վնասակար հատկությունովը, մարդասիրությունը պահանջում է, որ նա ջնջվի իբրև մի վնասակար տարր, իբրև մի ցեց և թունավոր միջատ:

Աշխարհիս երեսին ոչ մի ազգ չկա, որ հույն ազգի չափ ազգասեր լինի։ Հույների ազգասիրությունը մոլեռանդության ամենաբարձր ծայրին է հասնում։ Հույներ կան, որոնք ոչ կարգին ուտել ունին և ոչ խմել, որոնք իրանց զրկում են ամուսնությունից և աշխարհային ամեն զվարճությունից, հոգվով մարմնով նվիրվում են միայն մի բանի — հարստանալու, և հարստանում են հարստահարության բոլոր միջոցները ներելի համարելով, ու միլիոնի կարողություն դիզելով՝ բոլորը միասին նվիրում են իրանց ազգին։ Դրանց թե՛ կրոնականները և թե՛ աշխարհականները միապես մոլեռանդ են և իրանց են համարում աշխարհիս երեսին միակ ընտրյալ ազգը։ Եվ ինչքան սիրում են իրանց ազգին, նույնչափ ատում են մյուս բոլոր ազգերին: Բայց սրա փոխարեն իրանք էլ վաստակում են բոլորի ատելությունը։ Ոչ մի ուրիշ ազգ, որքան էլ որ հալածված լինի տաճկի ձեռքում, չի կարող տանել հույնի իշխանությունը և նրան հպատակ մնալ։ Ահա թե ինչ աստիճանի է հասցնում մի ազգի՝ նրա ազգասիրական մոլեռանդությունը: Հույնի այս հատկությունը ժառանգական հատկություն է, հնումն էլ այսպես է եղել նա։ Ինքն ատել է բոլոր ազգերին. բոլոր ազգերն էլ ատել են իրան։

Հայ ազգի առանձնահատկությունը հունական հատկության հակապատկերն է։ Նա միշտ սիրել է բոլոր ազգերին, բոլոր ազգերն էլ սիրել են նրան, բացի իհարկե հույներից։ Հայը օտարասեր, հյուրասեր և մարդասեր է եղել միշտ։