Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի ծննդարանում ապրող ազգերի մեջ այն ազգն է օգտակար, որ իր գոյությունովը ոչ միայն վնաս չի տալիս մյուս ազգերին, այլև օգուտ։ Բայց այգ օգուտը պետք է լինի մարդկային և ոչ թե ոչխարային։ Տաճկաստանի հայը իր ոչխարային բնավորությունովը մի շատ օգտակար տարր է գիշատիչ ցեղերի համար։ Հայը քուրդի ու թուրքի ոչխարն է, որ թե՛ կթվում, թե՛ խուզվում և թե՛ մորթվում է, երբ ձայն է հանում քերթվելիս։ Նա իր գոյությունը պահպանել է այնտեղ միայն նրա համար, որ եղել է մի շատ օգտակար կենդանի, ինչպես ոչխարը և ինչպես մեղուն։ Նա երբեք կարող չէ ազատվել այդ դրությունից, մինչև դրսից մի մարդասիրական օգնություն չհասնի նրան։ Բայց այդ մարդասիրության օրինակը առաջ մենք ինքներս պիտի տանք։ Ինչ ազգ որ մարդասիրություն չունի, նա արժանի չէ մարդասիրական օգնության։

Մենք կովկասաբնակ հայերս, որ ամենայն առատությամբ վայելում ենք տեղական մարդասիրական բարիքները, փոխանակ ինքներս էլ մարդասիրական օրինակ տալու, գլխներս ոզնու պես ներս ենք քաշում։ Ովքե՞ր են կրթվում Թիֆլիսի բոլոր ուսումնարաններում, բոլոր գիմնազիոններում։ Անշուշտ մեծ մասամբ Թիֆլիսի հարուստների որդիքը։ Բայց ե՞րբ է պատահել, որ Թիֆլիսի որևէ հարուստ հայը մի առատ նվիրաբերություն լինի արած այդ ընդհանուր կրթական հաստատություններին։ Ի՞նչ վնաս կունենար, եթե հայ հարուստներից մեկը իր անունով մի ամբողջ գիմնազիոն հիմներ, ուր կրթվեին բոլոր կովկասաբնակ պատանիները, առանց խտրության կրոնի և ազգության։ Ոչ միայն վնաս չէր լինիլ, այլ ահագին օգուտ և մեծ պատիվ մեր ազգին։ Մրցման մեջ մի ազգ մյուսին կարող է հաղթել ոչ թե ազգասիրությունով, այլ մարդասիրությունով։ Ազգասերը կարող չէ մարդասեր լինել, բայց ճշմարիտ ազգասեր կարող է միայն մարդասերը լինել։ Ահա քանի ժամանակ է, որ հայ հարուստները բարերար են հանդիսանում և հայ երիտասարդներ են ուղարկում զանազան համալսարաններ ուսանելու։ Ի՞նչ կլինի, որ այդ ողորմությունից հասցնվի և վրացի երիտասարդներին։ Եթե հայ Կրեսոսի մեկը տարեկան տասը ուսանող է պահում, թող դրանցից գոնե երեքը