Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Արարատը» այս նկատողությունը անելով յուր սիրելի որդոցը, պիտի աշխատե և ինքը, ընդհանուր ազgի օգուտը և բարին գերադասելով ամեն բանից։ «Արարատը» յուր ամեն ջանքը պիտի գործ դնե լինել այնպիսի մի պատկեր, որի մեջ հայը կարողանա տեսնել յուր անցյալը և ներկան, և հուսով է, որ յուր հարազատ որդոց լուսավորյալ մասը ամենայն կերպով դյուրություն կտա այդ նպատակին մոտենալու։

1869


ՍԵՎԻՆ ՍԱՊՈՆ, ԽԵՎԻՆ ԽՐԱՏ


Ես մի խեղճ մարդ եմ, որտեղ մի ուրիշ խեղճ կա, գալի, ինձ է գտնում։ Մոտ օրերումս էլ մի խեղճ մշակ յուր փալանով և մի տերտեր յուր փիլոնով շնորհ բերին մոտս, մեկն ասում է, փալանս է քրքրվել, մյուսը, թե՝ փիլոնս է մաշվել։ Բայց ես ի՞նչ կարող եմ անել. փող չունիմ, որ մեկի համար փալան ու մյուսի համար փիլոն առնեմ. սկսեցի խրատներ տալ երկուսին էլ։ Մշակին ասացի. փալանդ մի՛ վեր գցիր, ինչ որ տալիս են, լուռ ու մունջ կրիր. մեկը մի արկղով խնձոր կտա, մյուսը՝ մի քթոցով աղբ. ճա՞րդ ինչ, պիտի կրես. իսկ տերտերին ուղարկեցի մի լրագրապետի մոտ, ասացի, տերտերական է, քո իրավունքդ կպաշտպանե, գնա հայտնիր նորան քո ցավերդ, նա մի ճար կանե։

Երկուքն էլ լսեցին ինձ և հեռացան։

Քանի մի օրից հետո պատահում եմ տերտերին։

— Օրհնյա՛ տեր,— աստված օրհնե։

— Տերտեր, ի՞նչ ասաց պարոն լրագրապետը։

֊ Այ անիծյա՜լ լինի նա իր լրագրապետությամբը,— պատասխանում է ինձ տերտերը։

— Տերտեր ջան, ինչո՞ւ, ինչո՞ւ եք բարկացել այդպես։

— Բայց ասե՞մ միթե...

— Ասացե՛ք, ինչո՞ւ պետք է չասեք։