Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լինին մեր դրացիներից՝ մի ռուս, մի վրացի և մի թուրք։ Դժվարը մեկի կողմից օրինակ տալն է, այդ օրինակին կհետևեն և ուրիշները, և այնուհետև անխտիր ամեն ազգից էլ կուղարկեն բարձր կրթություն ստանալու։ Հայերը Հրատարակչական ընկերություն ունին, վրացիք էլ ունին։ Մենք տեսնում ենք, որ երկուսն էլ պետք են, քանի որ տեղական ազգաբնակությանն են ծառայում։ Ի՞նչ վնաս կունենա ուրեմն, որ հայ ընկերությանն օգնող հայը օգնի և վրաց ընկերությանը։ Լսում ենք, որ մայրաքաղաքներում գտնված կովկասաբնակ ուսանողները իրարից հեռու են մնում ազգասիրաբար։ Դրանք իբրև մի հայրենիքի, մի ծննդարանի զավակներ՝ ինչո՞ւ պետք է խորշին իրարից, ինչո՞ւ իրանց նյութական պաշարը չպետք է բաժանեն իրար մեջ եղբայրաբար։ Եթե վրացի ուսանողները շատ են թունդ ազգասեր, թող հայ ուսանողները թունդ մարդասիրության օրինակ տան նրանց։

Թե ինչ նշանակություն ունի և որքան օգտակար է ծննդարանում բնակվող բոլոր ազգերի և կրոնների շահերին ծառայել անխտիր, դրա մի գեղեցիկ օրինակը տվավ Շուշի քաղաքում պ. Թամիրյանցը՝ իր հաշվով քաղաք բերելով մի վարար աղբյուր։ Ի՞նչ լեզու և ի՞նչ կրոն ասես, որ նրան չի օրհնում։ Նույն օրհնությանն անշուշտ պետք է արժանանան և Ժամհարյան եղբայրք, որոնք մի խոշոր գումար նվիրեցին նույն քաղաքում մի ընդհանուր հիվանդանոց բանալու համար։ Եթե բոլորին անխտիր ջուր տալը, բոլորին անխտիր առողջություն տալը մեծ բարերարություն է և պարծանք է բերում այն ազգին, որի անդամներն այդպիսի բարերարություն են անում, որքան առավել մեծ պատիվ կլինի մի ազգի համար, եթե նրա մի քանի անդամներն էլ միացյալ ուժով կամ ջոկ֊-ջոկ կհագեցնեն բոլորի ուսման ծարավն անխտիր, կօգնեն բոլորի բարեկեցությանն անխտիր, կաշխատեն, որ իրանց մայրենի քաղաքը թե՛ ներսից և թե՛ դրսից ներկայանա իբրև մի կատարյալ դրախտ, որ վայելեն ամենքն էլ անխտիր։ Երկուսից մեկը. կամ պետք է լինի ընդհանուր սեփականություն, և կամ մասնավոր սեփականության ընդհանրացում։ Մի ազգ մյուս ազգին կգերազանցե մասնավոր սեփականության ընդհանրացումով, և սրանով կապացուցանե իր մարդասիրությունը և իր օգտակար ազգ լինելը,