Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որով և կգրավե բոլոր ազգերի սերն ու համակրությունը։ Լուսավորությունը ինչ ձևով էլ որ լինի, խավարից լավ է։ Լուսավորությունը ոչ մի ժողովրդի ազգայնությանը մազի չափ վնաս չի հասցնիլ, այլ միայն ահագին օգուտ կբերե: Թող բացվին մեր ժողովրդական դպրոցները, ինչ ձևով էլ որ լինի, հարկավոր է դրանց զարգացմանն օգնել կրկնապատիկ օժանդակությամբ։ Խնդիրն այստեղ մեր լեզվին է վերաբերում, որ ազգայնության մի հատկանիշն է։ Բայց մի՞թե լեզվի պահպանությունը տգետ և աղքատ դասակարգի պարտականությո՞ւնն է միայն, և ոչ նաև հարուստի։ Հարստի համար լեզուն հարստություն ձեռք բերելու հնարներից մեկն է միայն, նա պետք է համարում այն լեզուները սովորել, որոնցով կարելի է հարստություն ձեռք բերել։ Զարմանալի կլինի, որ հարստության ձգտում ունեցող աղքատը նույնպես չգիտենա այդ բանը: Աղքատը դռնե֊դուռը կընկնի, ողորմություն կհավաքի, որ կարողանա իր որդուն տալ հարստանալու այդ հնարը։ Այդ ձգտումը ոչ մի ազգի մեջ այնպես աչքի չի ընկնում, ինչպես հայի մեջ։ Այրի մայրեր կան, որ լվացարարություն են անում և հացթուխություն, բայց իրանց որդոցը տալիս են այնպիսի կրթություն, որ նրանք նույնիսկ պրոֆեսորության են հասնում։ Աղքատը շատ լավ գիտե, որ հարուստը հարստանում է ուրիշների աղքատության և տգիտության հաշվով, սրա համար էլ նա ամեն ջանք գործ է դնում հարուստի ստրուկ չմնալ։ Բայց այստեղ մի խնդիր կա միայն, որ շատերի համար մութն է: Բանն ինչ լեզվով խոսելը չէ, այլ՝ ինչպես մտածելն է: Մտածել սովորեցնողն ուսումնարանը չէ, այլ ժամանակը, որի տված կրթությունը հազարապատիկ բարձր է դպրոցական կրթությունից։ ժամանակ ասածդ մեր օրերում սաստիկ արագացրել է իր ընթացքը և ամեն մի րոպեում մի նոր չար և մի բարի է ծնում։ Ժամանակի բերմունքի առաջքը ոչ մի ուժ չի կարող առնել. նա կարողանում է հեղաշրջել ամենայն ինչ և գլխիվայր դրված մարդուն նորից ոտքի վրա կանգնեցնել։ Պետք է լայն սիրտ ունենալ և լայն հայացք։

Այստեղ ես պետք է լռեմ, որովհետև բավական շատ խոհեցի և ձեր համբերությունն ի չարը գործ դրի։ Մյուս անգամ