Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կխոսեմ դասակարգական շահերի մասին և ցույց կտամ, թե ի՛նչ հնարներ կան, որոնցով կարելի կլինի այդ շահերն ընդհանրացնել և ծառայեցնել ընդհանուր բարեկեցության օգտինն:



Ատենախոսությունը վերջացավ և մենք էլ դուրս եկանք եկեղեցուց մի շատ քաղցր տպավորության տակ: Ամբողջ օրը ամենի խոսակցության առարկան նույն օրվա քարոզն էր, և խոսում էին շատ պատկառանքով։ Ամենքն էլ գիտեին, որ ինքն ատենախոսը մի ճշմարիտ քրիստոնյա է, ինչպես խոսքով, նույնպես և գործով։ Նրա ծուխերի մեջ շատ աղքատներ կային, բայց ոչ մեկը նրանցից օրվա հացի կարոտ չէր, ոչ մեկը տանը մնացած աղջիկ չուներ, ոչ մեկի զավակը անկիրթ ու անգործ չէր մնում, և այդ բոլորը շնորհիվ իրանց քահանայի, որ հարազատ հոր նման խնամք էր տանում ամենքի վրա։ Այս բանը տեսնելով՝ բոլոր աղքատ ծուխերը նրա ժողովուրդն էին ուզում դառնալ. բայց նա չէր ընդունում իբրև ծուխ. միայն անուններն ու հասցեները գրում էր, գնում այցելության և ծանոթաՆում նրանց ընտանեկան թշվառությանը։ Հարուստ ծուխեր էլ շատ չուներ ու բոլորին էլ չէր ընդունում, բայց ամենքին էլ այցելության էր գնում և ամեն մեկին տալիս էր մի որևէ աղքատ ընտանիքի հասցե։ Ամեն մի աղքատ տուն մեկ կամ երկու հարուստի խնամքի էր հանձնում, և նրանք ընդունում էին մեծ սիրով։ Այսպիսի դեպքերում նա մրմնջում էր քթի տակին ավետարանի այն խոսքը թե՝ «Արարէք ձեզ բարեկամս ի մամոնայէ»։ Սակայն նա տեսնում էր, որ այս տեսակ ողորմությունով աղքատությունը չի կարելի նվազեցնել. այս պատճառով գիշեր ցերեկ մտածում էր արմատական հնարներ գտնել։ Եվ նա գտնում էր, բայց իրագործելու համար այնպիսի դժվարություններ էին դեմը կանգնում, որ իր գյուտը դառնում էր մի ուտոպիա։ Այսուամենայնիվ նա չէր հուսահատվում։ Ժողովրդի բարեկեցության գաղափարը բուն դնելով նրա սրտի և ուղեղի մեջ, նրան հանգիստ չէր տալիս, և նա օրեցօր շատացնում էր խոչընդոտները վերացնելու հնարները։ Նա գտնում էր, որ գյուղերումն ավելի դյուրին կլինի ընդհանուր սեփականության