Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զորացնելը, իսկ քաղաքումը մասնավոր սեփականության մի բաժնի ընդհանրացումը, որով կարելի կլինի շատացնել բարեգործական և կրթական հաստասւությունների թիվը:

Մասնավոր խոսակցության մեջ տեր հայրն իր կրոնական դավանությունը չէր ծածկում։ Նա զուտ ավետարանական էր: Կրոնի խնդիրներում Ավետարանից դուրս՝ ոչ մի ուրիշ դիրք չէր ընդունում։ Առաքյալներից Պողոսին չէր համարում քրիստոսի աշակերտ։ Ասում էր. Քրիստոս վերացրեց մարդկային թշվառության միակ աղբյուր եղող ստրկությունը և բռնությունը, իսկ Պողոսը՝ չճանաչելով ոչ Քրիստոսին և ոչ նրա Ավետարանը, վավերացրեց մարդկային այդ ստոր վիճակը իբրև ի վերուստ նախասահմանված մի ճակատագիր և բռնությունը փառաբանելով՝ հասցրեց մինչև երկինք։ Իր այս ասածն ապացուցանելու համար՝ տեր հայրը բերում էր Պողոսի ասածներից այնպիսի կտորներ, որ լսողը սոսկում էր բոլոր մարմնով։

Նրա ծուխերի մեջ հազիվ թե լիներ մեկը, որ ավետարանի ոգին ըմբռնած չլիներ։ Թերահավատներն ու անհավատներն իրանք էին գնում մոտը իրանց իմաստակության բոլոր զենքերով զինավորված, և նա ամենքին էլ զինաթափ էր անում: Ներս էին մտնում իբրև ավետարանի հակառակորդներ և դուրս էին գալիս իբրև ամենաջերմեռանդ պաշտպան։ Նա առաջ մերկացնում էր Ավետարանը իր արտաքին արդ ու զարդից և ապա` անդամատելով ցույց էր տալիս այս և այն մասի նշանակությունը, և վերջումը լսողի առջևն էր դնում ավետարանի սիրտը, այն սիրտը, որտեղից բխում է մարդկային կյանքի անմահական աղբյուրը — ազատություն, սեր, եղբայրություն, մի խոսքով` երջանիկ կյանք։ Ավետարանի բոլոր այլաբանությունները պարզվում էին, և ինչ որ երկինք էր լինում տարված, իջնում էր երկրիս վրա, ինչ որ աստված էր, դառնում էր մարդ, և ինչ որ մարդ էր, դառնում էր աստված և այդ աստծո առջև չոքում էին նախկին թերահավատները, երկրպագում նրան և հուզված ու աչքերն արտասունքով լիքը՝ դուրս էին գալիս այնտեղից մի նոր լուսով, Ավետարանի լուսով լուսավորված և աստծո որդիք դառած, զի «Որք ընկալանն զնա, ետ նոցա իշխանութիւն որդիս աստծոյ լինիլ»։