Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«ՀԱԶԱՐ ԵՎ ՄԻ ԱՌԱԿԱՎՈՐ ԲԱՆՔ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՕՏԱՐՔ»

Գաբրիել եպիսկ[ոպ]ոսի Այվազյան

Պոլիս 1875

Մեր աշխարհաբար լեզուն իր հաղթության դրոշակը ցցելով գրաբարյանների հնացած գագաթի վերա՝ օրեցօր աճում ու պարզանում է ավելի և ավելի: Գրաբարի փլատակներից գլուխ են բարձրացնում զանազան բարբառներ և նորանոր նյութեր են տալիս լեզվասեր գիտնականների քննությանը, հավաքվում են ազգային առածները, երգերը, առակները, հեքիաթներն ու նախապաշարմունքները։ Այս հանգամանքը չէր կարող երևալ գրաբարի ժամանակ, վասն զի նա կյանքից հեռու էր փախչում, նա չէր կամենամ ժողովրդին ուսուցանել նորա ունեցածովը, նորան ըմբռնելի լեզվով։ Գրաբարի ի՞նչ հոգն էր իմանալ արդյոք ղարաբաղցին կամ մշեցին ինչ լեզվով են խոսում։ Բայց այդ չի կարող ասել աշխարհաբարը, դա որպես ներկայացուցիչ այլ և այլ բարբառների, միշտ կարոտ է նոցա օժանդակությանը, նոցանով պետք է յուր պակասորդը լրացնե, յուր կենդանության ուժն ավելացնե, նոցանով պետք է ձգտի նա ավելի և ավելի մատչելի դառնալ ժողովրդին, փոքր֊ինչ ինքը ցածրանալով բարձրից և փոքր֊ինչ նորանց բարձրացնելով ցածրից ուսումնարանների և գրականության օգնությամբ և յուր այս ընթացքը անընդհատաբար շարունակել, վասն զի լեզուն — կենդանի լեզուն — չի կարելի մի այնպիսի շրջանակի մեջ դնել, որ նա սահմանափակ և ան[փո]փոխ մնա դարուց ի դարս, այլ պետք է աճի ու զարգանա, որպես կենսունակ, գործարանավոր մարմին։