Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սակայն մեր մեջ կան շատ բորբսնած ուղեղի տեր մարդիկ, որոնք անընդունակ են բնության մեջ անընդհատ շարժում տեսնել, այլ ինչ որ տեսնում են, կարծում են թե դա հավիտենից այդպես է եղել և այդպես էլ պիտի շարունակվի հավիտյանս, իսկ տգիտության մեջ ավելի կատարելագործվածները կարծում են, թե ներկան անցյալի աղճատմունքը կամ խանգարմունքն է։

Հետադիմության այս հերոսները մարդկության ոսպնաձև անդամներն են, որոնց մեջ ամենայն ինչ հակառակ դիրքով է անդրադառնում։ Դոքա ինչի վերա որ խոսում և դատում են միշտ իսկականի հակառակ հատկություններ են տալիս նրանց. օրինակ` ինչ որ օգտավետ է, այն վնասակար է դոցա դատողությամբ, և ինչ որ վնասակար` այն օգտավետ. լավը վատ է, վատը` լավ. գեղեցիկը տգեղ, տգեղը` գեղեցիկ, եղածը չեղած է, չեղածը` եղած. մեկ խոսքով ասել` սուտը ճշմարիտ է, իսկ ճշմարիտը` սուտ...

Ահա՛ այս բացասական գիտնականներից մեկը հանկարծ դուրս է գալիս գրական ասպարեզ, և լրագիր, ամսագիր և կամ մի գիրք է հրատարակում։ Որպեսզի ժողովուրդն այդ հրատարակությունը փողով գնե և կարդա, հեղինակն ստիպված է աշխարհաբար գրել։ Բայց ինչպիսի՜ աշխարհաբար... անմիտ բառաշարություն, աղճատմունք, աշխարհաբարի և գրաբարի մի անճոռնի և այլանդակ խառնուրդ, բայց շատ հարմար այլանդակ մտքեր հայտնելու և ճաշակազուրկ ոտանավորներ գրելու համար։ Դոցա կարծիքով աշխարհաբարը մի անպիտան լեզու է, և ամենայն ինչ որ դորանով գրվի, ներելի է. որ նա ևս անպիտան լինի, բայց բանիմաց մարդիկ շատ լավ գիտեն, թե անպիտանությունը կշեռքի ո՞ր թաթումն է...

Մենք ահա մեր ընթերցողին կամենում ենք ծանոթացնել մի աշխատության հետ, որով վերնագրեցինք մեր հոդվածը։ Ի՞նչ աշխատություն է այդ «Հազար և մի առակավոր բանք» անվանյալ գրքույկը։ Սա է հազար և մի չորս տողանի ոտանավոր: Սոքա առակներ չեն, ըստ որում առակները մի տնանի կամ չորս տողանի չեն լինում, առածներ էլ չեն, ըստ որում առածները սովորաբար ավելի համառոտ և ազդու են լինում. և որովհետև ոչ առակներ են և ոչ առածներ, այդ պատճառով