Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— ինշպե՞ս ասեմ, ես մի տերտեր մարդ եմ, պետք է խոստովանք պահեմ։

— Ես խոստովանք չեմ ուզում, տերտեր ջան, դուք ա՛յս ասացեք, ինչպե՞ս ընդունեց ձեզ պ. լրադրապետը։

— Ինչ ասեմ, եղբա՛յր, գնացի ձեր ցույց տված բնակարանը, զանգը քաշեցի, մի ակնոցավոր պարոն դուրս եկավ առաջս։ Ասացի՝ դո՞ւք եք պարոն լրագրապետը։ նա թե՝ այո՛, ես եմ, ինչ եք կամենում:

Ես սկսեցի իմ դարդերն ասել, բայց տեսնում եմ, որ նա աչքերը պսպղացնում է ակնոցի տակից ու քմծիծաղ է տալիս։ Հենց այդ միջոցին հանկարծ քթիցը վայր ընկավ ակնոցը, ես սկսեցի փնտրել, փնտրել, որ վերցնեմ իրան տամ։ Սեղանի տակն եմ նայում — չկա, վերան եմ նայում - չկա, դես ընկա, դեն ընկա՝ չկա, չկա. գետնի տա՞կն անցավ, թե` սատանա նստեց վերան, էլ չիմացա — կորավ ու կորավ։ Վերջապես — ա՜խ, տեր աստված, ի՞նչ է բերանս գալիս ու ետ գնում — վերջապես, դու մի ասիլ, անիծած ակնոցը ղայթանով կուրծքից կապած քաշ ընկած է, բայց պարոնն ինձ ման գալ է տալիս, ու վերաս ծիծաղում... էլ բան չասացի, որ չբարկանա, բայց, վա՜յ ինձ, մեղքս չեմ թաքցնիլ, մտքումս մի կուշտ անիծեցի... ասացի՝ նզովյալ եղիցիս հավիտյանս հավիտենից, հենց ասենք ամենևին քահանա չեմ, այլ մի հասարակ գյուղացի, այդպե՞ս պիտի վարվիս նորա հետ։ Արմա՛տ նզովից, էլ ինչո՞ւ ես ուրեմն դիմակ դրել երեսիդ և ազգասեր ձևանում, քանի որ դու առակի աղվեսն ես, որ իբր թե խղճում ես սարյակի ձագերին, նոցա համար գթություն քարոզելով, բայց առաջին իսկ դեպքում, դու ինքդ կուլ կտաս նորանց...


Տերտերի հետ դեռ չէի վերջացրել խոսակցությունս, որ ներս բերին «Արարատ» ամսագրի հուլիս ամսվան տետրակը։ Էլ այսօր գործս չպիտի հաջողի, ասացի ինձ ու ինձ, ի՞նչ կլիներ, որ էգուց բերեին այդ մեր ազգային հսկա սարի անունը կրող ճահիճը... Եվ հիրավի, բաց արի թե չէ` մաղձս խառնվեցավ: