Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այստեղ, ինչպես տեսնում ենք, վերջին երկու տողը՝ երեք տող լրացնելու համար է դրված, չնայելով, որ տրամաբանության ընդդեմ մի բան է դուրս գալիս, վասն զի խոսքն այս֊ինչ և այն֊ինչ տեղացու վերա չէ, այլ այս և այն ազգի վերա է։ Հայի համար արդեն ասած է, որ նորա խելքը գլխումն է. ի՞նչ տեղից է մեջ ընկնում այդ խոյեցին. եթե դա հայ է, ուրեմն պետք է, որ դրա խելքն էլ գլխումը լինի, և ոչ թե ոտներումը, իսկ եթե հայ չէ՝ պետք է դորա ազգության անունը տալ, այդ էլ այն ժամանակ, երբ որ այդպես մի բան ասած լիներ։ Իսկ ասել՝ թե «քրդինը ի՞նչ տեղումն է», այդ էլ մի փտած կարկատան է, որ չի կպչում ազգային կենդանի առածին։ [Ես ի՞նչ իմանամ որտեղումն է, եթե լսել եք,կարող եք ասել... դեռ լսեցեք]։

Ազգային

էշը դատի, ձին ուտի։

[Գ. Ե. Այվազյան] Նոր հեղինակն

Կդատի խեղճ իշուկը,
Կը պարծի մեր գիժուկը,
Գիժուկը ձի է, Խիկա՛ր,
Դու տես իշուն խշխշուկը։


Որքա՜ն համառոտ և ազդու առաջինը և որքա՜ն ճապաղ ու անալի երկրորդը։ Ի դեպ, այս ոտանավորի մեջ հիշված Խիկարի անունը շատ տեղ է հիշվում, բայց չգիտենք ինչու։ Աշղները սովորություն ունեն իրանց խաղի և առածի մեջ հիշել իրանց անունը։ Չգիտենք այժմ, թե այս առածը Խիկարն է ասել, թե [սրբազանն] հեղինակն է նորան խրատ տալիս, սակայն չենք կարծում, որ Խիկար իմաստունը այդպիսի հիմար բան լինի ասած։

Ազգային

Ջորին հաջ գնալով հաջի չի դառնալ:

[Գ. Ե. Այվազյան] Հեղինակն

Ջորին հաջի չի լինիր,
Թե հազար հեղ երթա Մեքքեն,