Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որովհետև նրա կարդալուց ոչ զզվում է մարդ, ոչ կշտանում, և որ առավելն է, ամեն անգամ նորանոր մտքերի և զգացմունքների է հանդիպում։ Կարդալիս էլ այնպես հափշտակվում էի, որ մոռանում էի, որ ես իմ սենյակումն եմ նստած, իմ սեղանի վրա, իմ ճրագի առջև, որ առաջիս գիրք է, և ես կարդում եմ և ոչ թե տեսնում. մեկ էլ հանկարծ՝ կարծես քնած տեղից զարթած՝ չորս կողմից եղած առարկաներն ինձ ծանոթ են թվում, նոր հիշում եմ, թե որտեղ եմ գտնվում։ Ինչևիցե, գլխավոր բանն այն է, որ ես կարծում էի, թե Շեքսպիրի ընթերցումը մի հոգեկան և մտավոր զարգացում է տալիս միայն, բայց բանից դուրս է գալիս, որ նա է՛ միևնույն ժամանակ և մի նշանավոր և ազդու դեղ։ Այս գյուտն իմս չէ և գուցե շատ շատերին լինի հայտնի, միայն ես այս բանն իմացա մոտիկ ժամանակներումս իմ ամենամերձ մի բարեկամից։ Ահա թե ինչ է գրում նա ինձ մի գավառական մութ անկյունից։

...«Շնորհակալ եմ, որ ուղարկեցիր ինձ Շեքսպիրը. դա ինձ ազատեց խելագարությունից։ Քեզ հայտնի է արդեն իմ ներկա վիճակը, գիտես, թե որքան նման է էդգար Գլոստերի վիճակին։ Ես զգում էի ափաշկարա, որ խելքս թռցնում եմ, և ինքս ինձ մի կերպ պահպանում էի թափառելով և ստեպ-ստեպ սառը ջրի օգնության դիմելով, ինքս ինձ սիրտ տալով, վրեժխնգրությունն ինձ օգնության կանչելով, և հանկարծ ստանում եմ Շեքսպիրը։ Բախտի բերմամբ ամենից առաջ կարդացի Արքա Լիրը, և, ի՞նչ ես կարծում, այս մարդու թշվառությունն այնքան մեծ տպավորություն արավ վերաս, որ ես իմ սեփականս մոռացա, իսկ և իսկ էդգարի նման, երբ նա հանդիպում է Լիր թագավորին. այո՛, մոռացա իմ անիրավ եղբարցս ապերախտությունը և ստոր դավադրությունը: Սրտիս թրթռոցը կտրվեց, ջղային գրգռմունքս հանդարտվեց»...

Ահա ձեզ ուրեմն մի վսեմ հեղինակություն, որ միևնույն ժամանակ՝ է մի պատվական սփոփարան, մի մխիթարիչ ոգի։ Ես չգիտեմ՝ ինչ կասեն այս մասին հոգեբան բժիշկները, բայց ես ինքս անձամբ մեծ և շատ մեծ սփոփանք եմ զգում Շեքսպիրը կարդալիս և նոր եմ հասկանում, որ առաջ էլ այդ սփոփանքն զգալիս եմ եղել: