Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ զարմանալի չէ. Շեքսպիրը հանճարների մեջ մի Պրոմեթեոս է. նա է հափշտակել աստվածային կրակը և ուրիշները նրանից են վառել իրանց ճրագները, ինչպես Գյոթե և Շիլլեր...

Կարդացեք նրա Համլետը։ Մարդկային հոգու ո՜ր բարձրագույն հուզմունքն ու կիրքն ասես, որ նրանում չլինի պատկերացրած իր ամենանուրբ գծերով— այնտեղ սեր, մտերմություն, ատելություն, վրեժխնդրություն, եղեռնագործություն, չարության դեմ բողոքող ոգի, փառասիրություն, խստասրտություն, թեթևամտություն, խորագիտություն, խորամանկություն, գեղագիտություն, փիլիսոփայություն, ունայնություն աշխարհի, ապրելու շարժառիթ, հուսահատություն, և այլն, և այլն... Ինչ զարմանք ուրեմն, որ մարդկային հոգու այս օվկիանոսի ահեղ հորձանքների մեջ անհետանան մեզ պես մանր մարդկանց կիրք ասված չնչին կոհակները։

Եվ պարոն Ադամյանը գրել է ահավասիկ Շեքսպիրի և նրա Համլետի մասին։ Եվ այս նյութի մասին առաջին անգամն է խոսվում մեր գրականության մևջ բուն առարկային մոտիկ ծանոթ մարդու ձեռքով։ Որքան շնորհակալության և խրախուսանքի արժանի է ուրեմն պ. Ադամյանը։



Այժմ երկու նկատողություն։ Ասողներ կան, թե պ. Ադամյանը Համլետի «լինե՞լ թե չլինել» մենախոսության ժամանակ սուր չպիտի ունենա ձեռին։ Մեզ հավանելի է պ. Ադամյանի վարմունքը, բայց ոչ յուր տված մեկնությունը։ Սուրը ձեռին Համլետի բնավորությունն ավելի ևս պարզվում է, թե նա ո՛ր աստիճան երևակայող, մտածող, երկմտող, տարակուսող և տատանվող է։ Ինքն անձնասպանության տրամադիր, սուրը ձեռին պատրաստ, բայց այսուամենայնիվ ինքնասպանություն չի գործում, այլ դեռ մտածում է, թե ի՞նչ է կյանքը, մահը և այլն։ Համլետը մետաֆիզիկ է Խեմնիցերի մետաֆիզիկի նման, միայն դրամատիկական վիճակում դրված։ Նա յուր հորեղբորն սպանել ուզելիս էլ, երբ արդեն սուր ունի ձեռին և հարձակվում էլ է, բայց էլի նոր մեկանց սկսում է