Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուր մետաֆիզիկան։ Ուստի պ. Ադամյանի վարմունքի մեջ ոչինչ հոգեբանական սխալ չկա, այլ ընդհակառակն տեխնիկական տեսակետից ևս սքանչելի է, որովհետև պսպղան սուրը հանդիսականների ուշադրությունն ավելի ևս լարում է։

Վեճ կա և Համլետի կազմվածքի մասին, թե նա նիհա՞ր էր արդյոք թե գեր։ Гербел-ի հրատարակած Համլետի մեջ մոր գործ դրած գեր բառը դուրս է ձգած երևի նրա համար, որ գուցե քննադատներն ապացուցել են, որ այդ բառը Համլետին ուղղակի չի վերաբերում, այլ գուցե Բեորբեջ դերասանին, որ Համլետի դերը խաղացող մի հանճարավոր, բայց գեր դերասան է եղել: Այս շատ հավանական է: Հուզմունքների այն ահեղ ալիքները, որոնց մեջ ծփում է Համլետը և այն բնավորությունը, որ նա ունի, կարող էին մի օրումն ևս մաշել նրան, եթե գեր էլ եղած լիներ մի ժամանակ։ Նա ինքն ասում է մի տեղ. «Ես տկար եմ և թախծության ենթակա, իսկ նա ուժեղ է»... Բայց Գյոթեն ասել է, որ նա գեր էր։ Ընդունում ենք, թեև դա մի ենթադրություն լինի, բայց դրա հետ պետք է ընդունենք Գյոթեի ավելի նշանավոր խոսքը, թե` «Ով որ ուզում է բանաստեղծին հասկանալ, պետք է մտնի նրա աշխարհը», որ ասել է` բանաստեղծին հասկանալ ուզեցողը ինքը բանաստեղծ պետք է լինի։ Այսպե՞ս է արդյոք։ Եթե այսպես չէ, լավ է որ այսպես լինի, որպեսզի ամեն ոք գլխապատառ, կոշիկները հագին, չհանդգնի Շեքսպիրի աստվածային աշխարհը մտնել և կամ հարձակվել պ. Ադամյանի վրա առանց նրա տաղանդի նշույլն ունենալու։ Համեստությունը և պատկառանքը վատ հատկություններ չեն։ 1887 թ.

«ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈԻՆՆԵՐ»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

(Մոսկվա. 1887. տպարան 0. 0. Հերբելի.

գինն է 60 կ.)

Մի ժամանակ Կոմս էմմանուել և Գամառ-Քաթիպա, իբրև բանաստեղծներ, մրցում էին իրար հետ, և ընթերցող