Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասարակությունը չգիտեր որի՛ն տար առաջնություն, որովհետև, ինչպես նկատած կլինիք, ճայի գլխումը երկու գործիչ միասին հաշտ կերպով չեն տեղավորվում.-երբ բարձրացնում են մեկին՝ ցածրացնում են մյուսին, երբ սիրում են մեկին, ատում են մյուսին:

Մեռավ Կոմս-էմմանուելը, լռեց Գամառ-Քաթիպան։ Լռությունն ընդհանուր էր։ Այս այն ժամանակն էր, երբ դուրս եկավ Ալ. Շահազիզյանի «Լևոնի վիշտը» և սառն ընդունելության հանդիպեցավ ուսանողության կողմից։ Գամառ-Քաթիպան, որ գիտեր միշտ ժամանակի հետ երթալ, յուր քնարը պատից կախեց, գրիչ առավ ձեռքը և սկսեց բառարան շինել, լրագիր հրատարկել: Լռեց այնուհետև պ. Շահազիզյանն ևս, և երկար ժամանակ մենք մի նոր բանաստեղծ չունեցանք։ Վերջին ժամանակներս Գամառ-Քաթիպան նորից ձեռք առավ յուր քնարը, բայց նրա թելերն այլևս Արաքսի ալիքների պես «դարիվ դարիվ չէին խփում լալագին», այլ կարծես բարկացած ղռղռում էին անաղուն ջրաղացի նման, իրար երես կրծում և երկաթ ծամում։

Բայց ի՞նչ էր այս լռության պատճառը. միթե մենք այլևս տաղանդներ չունեի՞նք, որ գլուխ բարձրացնեին. կամ եղածները դեռ չծաղկած՝ արդեն թառամեցան, մաշվեցան։ Ոչ այս և ոչ այն։ Ռուսաց գրականությունն այդ ժամանակ յուր դարավոր կապանքներից ազատված՝ մի տեսակ սանձարձակություն ստացավ, և սկսեց դարերով սրբացած բաներ ոտնատակ տալ, — տաղանդը շինեցին կաղամբ, հանճարը՝ բանջար, և մոդայից ընկան Պուշկին, Լերմոնտով, Ժուկովսկի և այլք։ Ուսանողությունն այլևս բանաստեղծություն չէր կարդում և ոտանավորներ գրողների վրա ծիծաղում էր։ Գիտնական գրքերով հեղեղվեցավ ռուսաց թարգմանական գրականությունը և ընթերցող հասարակությունը սով տեսածի նման սկսեց լափել այդ գրքերը և փոխանակ մարսել կարողանալու, հարբեցավ։ Ամեն մի իմաստակ ձգտում էր Բոքլ և Դարվին դառնալ, ամեն մի համբակ՝ Օգյուստ Կոնտ և Սպենսեր։ Ահագին աղմուկ և վեճ բարձրացավ ռեալական և իդեալական ուղղությանց վրա, խելոքները չկարողացան բան հասկացնել, խենթերն առաջ անցան և կործանեցին գեղարվեստի բոլոր հրաշալիքները... փետուրե մուրճերով...