Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բանաստեղծական գրվածքին խրթնաձևությամբ վսեմություն տալն արհեստական է. ասացվածն ինքը պետք է վսեմ լինի յուր ամենամերկ պարզության մեջ, ինչպես Հերքուլեսի մերկ անդրիանդը։ Ճշմարիտ բանաստեղծությունը շպարանքի թշնամի է, նա սիրում է պարզը, բնականը։

«Եվ» պատրաստ եմ քեզ հավիտյան
Լինել անկեղծ կարեկից,
«Եվ» թող բեռը քո տխրության
Չը հեռանա իմ սրտից։


Ամեն մի բանասեր յուր սիրած բառերն ունի, և մենք շատ անգամ նույնիսկ այդ բառերից իմանում ենք, թե ում գրածն է։ Այսպես է՝ օրինակի համար՝ պ. Րաֆֆու «առեց»-ը,որ նրան, իբրև սալմաստեցու, շատ հարմար է գալիս ասելու. կամ պ. Արծրունու ասելը՝ «ինչ անենք նրա հետ». բայց ինչի՞ նման կլիներ, եթե ամենքն էլ սկսեին այս անհատական սխալ ոճն իրանց սեփականել։ Եվերի հաճախակի գործածությունը մի անհատական հատկություն է պ. Շահազիզյանի համար, և այնքան խորթ չի թվում մեզ նրա գրվածքում, բաց երբ դրանք փոխանցվել են այսօր պ. Հովհաննիսյանի բանաստեղծությունների մեջ, շատ խորթ են հնչում մեր ականջին, մանավանդ որ դրանք ոչ գեղարվեստական և ոչ քերականական միտք ունին։

Լավ բանաստեղծը յուր լեզվով, յուր ոճով, յուր երևակայությամբ մի ամբողջ ժողովուրդ է։ Ժողովուրդը կփոխվի, կանհետանա, բայց ճշմարիտ բանաստեղծի գրվածքը կմնա դարերով և կպատկերացնե անցած գնացած ժողովրդի հոգեկան և մտավոր աշխարհը։ Պետք չէ հավատալ, թե «ժամանակները բանաստեղծի ձեռքին են», թե «նա գիտե անցյալը, գիտե ներկան, գիտե և ապագան»։ Ո՛չ։ Բանաստեղծը մի շատ համեստ մարդ է. նա յուր ժամանակի «խալխի նոքարն է», նրա թերությունների պախարակողը, նրա արժանավորությունների գովողը, նրա ցավին ցավակիցը — ուրախությանն ուրախակիցը։ Բանաստեղծի ցավը, վիշտը ժողովրդինն է, ինչպես և ժողովրդինը նրանը։ Նա ունի նույն հավատը, որ ունի ժողովուրդը անցյալի վերաբերությամբ, նույն սերը, որ ունի