Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մյուսը՝ սուրբ և պատկառելի դեմքով, վեհ և վսեմ շարժմունքով։ Աչագեղ կույսը մոտեցավ Հերքյուլեսին և ասաց, «Ե՛կ իմ ետևից, ես քեզ կտանեմ դեպի վայելչություն, փափկություն, փա՛ռք, պատիվ, մեծություն, և դու կլինիս ամենաբախտավորը բոլոր հողեղենների մեջ»։ Իսկ դու ո՞ւր կտանես ինձ, ասաց Հերքյուլեսը, դառնալով դեպի պատկառելի աստվածուհին։ Նա պատասխանեց. «Ես չեմ կարող խոստանալ քեզ աշխարհային վայելչություն, մեծություն, փափկություն։ Ես քեզ կտանեմ դեպի նեղություն, տառապանք, դու կենթարկվիս հազար ու մեկ վտանգների, բայց քո վարձը կլինի այն, որ դու կընկնիս դյուցազանց կարգը և կանմահանաս»...

— Տա՛ր ինձ քո ետևից,— բացականչեց Հերքյուլեսը և գնաց քաջության և առաքինության ճանապարհով։ Անշուշտ Հերքյուլեսն այս ճանապարհը չէր ընտրիլ, եթե նա Արամազդի որդին չլիներ, այսինքն՝ եթե նա այդ կոչումը չունենար։ Այսպես ընտրեց և Նորն Հերքյուլես զխաչն ամենափրկիչ, երբ փորձիչը խոստանում էր նրան աշխարհիս բոլոր վայելչությունը։ «Երթ ե՜տս իմ, սատանա՛», ասաց աստծո որդին, զի «Նե՛ղ է դուռն և անձուկ ճանապարհ, որ տանե ի կյանս»...

Մեր հեքիաթներում երեք են այն ճանապարհները, որոնց հանդիպում են երեք եղբայրներ մի դժվարագյուտ բան ձեռք բերելու գնալիս։ Այնտեղ գրած է լինում մի քարի վրա, թե աջ գնացողը կգնա և ետ կգա, միջին ճանապարհով գնացողը կամ ետ կգա, կամ չէ, իսկ ձախով գնացողն էլ ետ չի գալ: Մեծ եղբայրն ընտրում է հեշտը, միջնակը՝ կասկածավորը, կրտսերը՝ վտանգավորը։ Եվ հաղթությունն էլ կրտսերն է տանում։ Գեղեցիկ օրինակ։ Կան մարդիկ, որ փառք ու պատվի մեջ են, և առանց աշխատանքի ապրում են ուրիշի հաշվով, կան որ իրանք աշխատում են և իրանք ուտում, և կան էլ որ աշխատում են ուրիշներին ապրեցնելու համար։ Այլև ինչ որ չի աշխատում ձեռք բերել առաջին սերունդը, երկրորդը փորձում է ձեռք բերել, բայց անհաջող, և երրորդը կարողանում է ձեռք բերել։

Պ. Հովհաննիսյանը իբրև մեր բանաստեղծներից կրտսերագույնը պարտական է դժվարագույն ճանապարհն ընտրել, որպեսզի կարողանա ձեռք բերել այն, որին նախորդները հասնել