Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կում է մերկ հատակի վրա, առանց անկողնի. շատ անգամ կողքերի տակին մանր խիճեր է ածում, որ ավելի ցավեցնե։ Ձմեռը վառարանը չի վառում, պատուհանները չի փակում։ Իսկ այնտեղ ձմեռը շատ խիստ է։ Շատ անգամ մի քանի օրով քաղցած է մնում, ոչ ուտում է և ոչ խմում, միայն ծխում է, բայց երբեք ուժից չի ընկնում։ Իսկ երբ սկսում է ուտել, հինգ մարդու չափ ուտում է, միսն էլ հում է ուտում, կաթի պես ոչխարի արյունն է խմում։ Այս բոլորի պատճառները բացատրված են և կիմանաք, եթե կարդաք Կայծերի 536 երեսից սկսած «Գյուղական վարժապետը»։ Գյուղացիք նրա արևովն են երդվում, առանց նրան հաց չեն ուտում։ Մանավանդ տերտերն ու ռեսը նրան շատ են սիրում։ Նրա շնորհիվ այն գյուղերը, ուր նա վարժապետ է, դառել են մի-մի կատարյալ դրախտ։ Կարդացեք և կտեսնեք, թե ինչպես է եղել այդ։ Ըստ ամենայնի կատարյալ Կարոն երկու բիծ ունի միայն։ Բիծերից մեկն այն է, որ Կարոն սպանել է յուր մտերիմ ընկերներից մեկին` Ռափայելին, բոլոր հերոսների մեջ միակ պատվական մարդուն։ Երկրորդ բիծն էլ այն է, որ այդ դաստիարակի իդեալ Կարոյի միակ զավակը` Հյուբբին թափառում է անբարոյական վհուկների և գնչուների մեջ, նրա բարոյակրթության վրա ոչինչ հոգ չի տանում։ Կարոյի նկարիչը, Պ. Րաֆֆին` ազատ էր խոզից մարդ շինել, և շինել է, բայց եթե մեր Գրիգորը Տրդատի միայն մի ականջը թողեց խոզի, Պ. Րաֆֆին Կարոյի երկու ականջը միասին է թողել, որով յուր քաշած պատկերի երկու աչքը միանգամից է կուրացրել։ Ստեղծողը գիտե միայն այսպես պատժել բոլոր այն ստեղծածներին, որոնք կարգե դուրս բան են ուզում ներկայացնել—ուզում են այնպիսի մարդ ստեղծել, որպիսին արարիչն ինքն ստեղծած չէ։

Մեր ժամանակում, երբ մի բժիշկ ամեն ցավի դեղ է անում, նրան բոլոր չափավոր մարդիկը անվանում են անբարեխիղճ բժիշկ, իսկ ավելի խիստ պահանջող մարդիկ, գործին քաջահմուտ մարզիկը այդպիսի բժիշկներին անվանում են «շառլատան»։ Այսպես են և այն փաստաբանները, որոնք պաշտպանում են ամենայն տեսակ գործ, և այն վարժապետները, որոնք ավանդում են մի բարձր դպրոցում կրթության բոլոր առարկաները։ Այժմ ի՞նչ անուն պետք է տանք Կարոյին, եթե ոչ