Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և տեղական մոլություններ և առաքինություններ։ Մի ախտ կարող է Սալմաստումը տեղական լինել և ուրիշ տեղերում չլսված։ Եթե ղարաբաղցին խաչագողություն անե, իսկույն կբռնվի, ինչպես Մակար վարդապետը յուր «Ղարաբաղի գաղտնիք»-֊ով։ Ոչ ոք կարող չէ տալ ուրիշին յոլր չունեցածը, բայց և պետք չէ ամեն մեկի շլնքին փաթաթել յուր ունեցածը։ Անասունն է անասունի նման, իսկ մարդիկ իրարից շատ տարբեր են։ Իմաստակն ազատ է յուր գրչով մի իմաստունի խելք վերլուծել, նրան խոսեցնել, բայց հետևանքն այն կլինի, որ իմաստունն ևս դուրս կգա գրողի պես մի իմաստակ։

Աստված, որ «ամենայն ինչ հոչնչե արար» լոկ խոսքով միայն, մարդու ստեղծելու վրա բավական ժամանակ և աշխատանք գործ դրավ, այս պատճառով էլ մարդը դուրս եկավ մի շատ բաղադրյալ արարած։ Մեծն ի մարգարես Մովսես լավ էր իմանում, որ մարդ ասածդ լոկ խոսքով ստեղծվելու պտուղ չէ։ Նա կարծես սրանով օրինակ տվավ բոլոր ստեղծածներին, որ զգույշ վարվին դեպի մարդիկ և նրանց բաղկացուցիչ մասերը — նրանց մարմինը, նրանց միտքն ու հոգին լավ ուսումնասիրեն, լավ ծանոթանան մարդու մտքի ու հոգու արտադրության հետ, որպեսզի երբ խոսելու լինին տնտեսագիտության, կրթության, գիտության, ուսման, ճարտարության, գեղարվեստի, կրոնի, դիվանագիտության և այլ այս տեսակ բարձր բաների մասին, լավ իմանան նրանց էությունը։

Պետք է հարգել գեղարվեստի ամենատարրական օրենքները, որ է հետևիլ ճշմարտին, գեղեցկին և բարվույն։ Վեքրջին երկուսին անծանոթը պետք է գոնե առաջինին հետևի, այն է` ճշմարտին։ Շատ գրողներ կան, որոնք ոչ հանճար են և ոչ գիտնական, այլ միայն ճշմարտին հետևող, իրանց հաստատ գիտցածը գրում են շնորհքով, և դուրս է գալիս մի գեղեցիկ բան։ Այս է պատճառը, որ շատ անգամ չափավոր կրթություն ստացած մարդիկ հիանալի բաներ են ստեղծում, իսկ նրանք, որոնք ձգտում ունին իրանց ուժից վեր մի բան ստեղծելու, այնպիսիների գործը կործանվում է անկանգնելի կերպով։

Տաղանդը մաշվելու հատկություն ունի։ Բանասիրի հասակի այլևայլ շրջանում այլևայլ ձև է ստանում նրա գրվածքը։